Երևան`   -15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.

«Մադուրոյի ձերբակալությունն ու կայծակնային արագությամբ ԱՄՆ տեղափոխումը հանգեցնում են մի քանի եզրակացության»․ Արշալույս Մղդեսյան

103
Երեկ, 09:18
«Մադուրոյի ձերբակալությունն ու կայծակնային արագությամբ ԱՄՆ տեղափոխումը հանգեցնում են մի քանի եզրակացության»․ Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մադուրոյի ձերբակալությունն ու կայծակնային արագությամբ ԱՄՆ տեղափոխումն այս պահին ինձ՝ որպես ոչ մասնագետի, հանգեցնում են մի քանի եզրակացության.
1. ԱՄՆ ուժայինների բացառիկ կարողությունները։ Սա ցույց է տալիս, որ ամերիկյան ուժային կառույցներն այս պահին աշխարհում միակն են, որոնք ոսկերչական ճշգրտությամբ կարողանում են պլանավորել և իրականացնել «խաղի կանոններ փոխող» (game changer) գործողություններ։ Խոսքը ոչ միայն հեռահար հարվածների մասին է (ինչպես Իրանի «Ֆորդո» ստորգետնյա կայանի թիրախավորումը կամ 2020-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը), այլև կենդանի ուժի՝ հատուկջոկատայինների ներգրավմամբ բարդ գործողությունների, ինչպիսին տեսանք Վենեսուելայում։
2. Առաջնահերթությունների փոփոխություն՝ դեպի Լատինական Ամերիկա։ Այս գործողությունը և դրան հաջորդած՝ Թրամփի կոշտ զգուշացումները Կոլումբիայի, Կուբայի և Մեքսիկայի ղեկավարություններին, վկայում են, որ Թրամփի վարչակազմի համար թիվ մեկ առաջնահերթությունը ոչ թե Եվրոպան ու ՆԱՏՕ-ն են, այլ Լատինական Ամերիկան։ Այս տարածաշրջանը վերածվում է ԱՄՆ շահերի գերառաջնահերթ գոտու։
3. Չինաստանի գործոնը։ Կոնկրետ Վենեսուելայի մասով գործողությունը, ըստ իմ ուսումնասիրած աղբյուրների, պայմանավորված էր ոչ թե Չինաստանի աճող, այլ, ընդհակառակը՝ նվազող հետաքրքրությամբ։ Ըստ BBC-ի՝ Վենեսուելայի տնտեսական կոլապսն ու նավթարդյունաբերության անկումը նվազեցրել էին Պեկինի հետաքրքրությունն այդ պետության նկատմամբ։ Վերջին տարիներին Չինաստանը կրճատել էր վարկավորման ծավալները՝ կենտրոնանալով միայն հին պարտքերի մարման վրա։ Բացի այդ, Պեկինը հաստատ չէր ցանկանա Վենեսուելայի պատճառով փչացնել հարաբերությունները Թրամփի վարչակազմի հետ՝ հաշվի առնելով մաքսատուրքերի նվազեցման շուրջ բանակցային ակնկալիքները և ԱՄՆ-Չինաստան տնտեսությունների խորը փոխկապվածությունը։
4. Ռուսաստանի դիրքավորումը։ Ռուսաստանի մասին խոսելն ավելորդ է. Մոսկվան իր ողջ ռեսուրսները կենտրոնացրել է Ուկրաինայում և չունի ներուժ՝ հակազդելու ԱՄՆ-ին հեռավոր տարածաշրջաններում։ Ինչպես նշում է Ռուսաստանի հարցերով ամերիկացի առաջատար փորձագետ, նախագահ Ջորջ Բուշի նախկին խորհրդական Թոմաս Գրեհեմը (Thomas Graham), ԱՄՆ-ը ձգտում է հասնել ոչ թե Ռուսաստանի ռազմավարական պարտությանն Ուկրաինայում, այլ Մոսկվայի ռազմավարական չեզոքությանը Վաշինգտոն-Պեկին սրվող հակամարտության մեջ։
Այն փաստը, որ Թրամփի վարչակազմն Ուկրաինայի պատրազմի կառավարչից վերածվել է Կիևին եվրոպացիների փողերով զենք վաճառող կողմի, իսկ Մոսկվայի հանդեպ ցուցաբերում է որոշակի «ըմբռնում», խոսում է վերը նշվածի մասին։ Ըստ էության, այս վարչակազմի աչքերով ուկրաինական պատերազմը ոչ այնքան Եվրոպայի անվտանգության մասին է (Թրամփը չի զլանում ու պարբերաբար հիշեցնում է իրենց բաժանող Ատլանդյան օվկիանոսի մասին), որքան Ռուսաստանի ապագա դիրքավորման՝ Չինաստանի հետ ԱՄՆ-ի հնարավոր առճակատման համատեքստում»։