Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 հունվարի, 2026 թ.

«Արդյունավետ կառավարությունը քաղաքացիների բերանը փակող կառավարությունը չէ»․ Հակոբ Բադալյան

52
Այսօր, 15:00
«Արդյունավետ կառավարությունը քաղաքացիների բերանը փակող կառավարությունը չէ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման և տնտեսական խնդիրների պատճառով բողոքի ակցիաներ են: Իրանը պարբերաբար բախվում է սոցիալական բողոքի այդ ալիքներին, ինչը ունի բնականաբար միանգամայն օբյեկտիվ հիմքեր, որովհետև պատժամիջոցների ներքո գտնվող երկրի տնտեսական վիճակն իհարկե հեշտ չէ:

Միևնույն ժամանակ, անկասկած է նաև, որ Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին այն դերակատարները, որոնց համար Իրանում իրավիճակը «ճոճելը» նպատակ է և ձգտում:

Սակայն այդ իմաստով իհարկե տրամաբանական է հնչում Իրանի նախագահի գնահատականը, որ եթե կան այդպիսի խնդիրներ ու հանրային դժգոհություն, ապա պետք է գտնել լուծումները, այլ ոչ թե մեղավոր հռչակել արտաքին ուժերի:

Համենայն դեպս, այստեղ կա մեկ բանաձև՝ եթե որևէ կառավարություն որևէ խնդրի պատասխանատվություն բարդում է ինչ որ արտաքին ուժերի վրա, ապա դա բացում է ցանկացած հարցում մանիպուլյացիայի լայն դաշտ: Կառավարման արդյունավետության պատասխանատվությունը մշտապես պետք է լինի կառավարության դաշտում:

Եթե հանրությունները թույլ են տալիս իրենց շեղել «հիբրիդային հարձակումների» մասին մոգոնումներով, ապա հայտնվում են մի ծուղակում, որից չկա ելք: Եվ պետությունն է հայտնվում այդպիսի ծուղակում:

Ու սա չի վերաբերում միայն Իրանին, այլ, օրինակ, նաև Հայաստանին: Մենք տեսնում ենք, որ կառավարության հասցեին ցանկացած ընդդիմախոսություն որակվում է իբրև «գործակալություն»:

Մինչդեռ, արդյունավետ կառավարությունը քաղաքացիների բերանը փակող կառավարությունը չէ, այլ խնդիրները լուծող կառավարությունը, որն այդ կերպ արտաքին ուժերի համար չեզոքացնում է երկրների ներսում եղած խնդիրները օգտագործելու հնարավորությունները»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան