Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.

«ՀՀ զարգացումը հնարավոր է այն դեպքում, երբ տնտեսությունը կառուցվի ընտրված ոլորտների վրա»․ Դավիթ Անանյան

79
Այսօր, 21:24
«ՀՀ զարգացումը հնարավոր է այն դեպքում, երբ տնտեսությունը կառուցվի ընտրված ոլորտների վրա»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զարգացումը չի լինում ամեն ինչից․ պետությունը պետք է ընտրի իր ուժեղ ոլորտները․
Փոքր տնտեսություն ունեցող պետությունը չի կարող զարգացնել բոլոր ոլորտները միաժամանակ։ Սա ոչ թե գաղափարական սահմանափակում է, այլ տնտեսագիտական իրողություն։ Զարգացումը սկսվում է այն պահից, երբ պետությունը գիտակցաբար ընտրում է, թե որտեղ է կենտրոնացնում իր ռեսուրսները, ներառյալ՝ քաղաքական ուշադրությունն ու ինստիտուցիոնալ աջակցությունը։
Արտաքին շուկաները՝ աճի իրական հարթակ
Հայաստանի ներքին շուկան սահմանափակ է՝ թե՛ սպառողների թվով, թե՛ գնողունակությամբ։ Այս պայմաններում արտադրության ընդլայնումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բիզնեսը մուտք է գործում արտաքին, ավելի մեծ և վճարունակ շուկաներ։ Արտահանելի գործունեությունը ստիպում է բարձրացնել որակը, համապատասխանել միջազգային ստանդարտներին և մտածել երկարաժամկետ մրցունակության մասին։
Արտահանում - ներդրում. փակ շղթայից դեպի աճող համակարգ
Կայուն արտահանում ունեցող երկիրը դառնում է ներդրումային առումով գրավիչ։ Ներդրողները գալիս են այնտեղ, որտեղ կա շուկա, մասշտաբ և կանխատեսելի քաղաքականություն։
Օտարերկրյա ներդրումները բերում են ոչ միայն կապիտալ, այլ նաև ռեսուրսներ, տեխնոլոգիաներ, կառավարման փորձ և միջազգային շուկաների հասանելիություն։
Պետության խնդիրն է ձևավորել միջավայր, որտեղ արտահանումն ու ներդրումը միմյանց ուժեղացնող, ոչ թե զուգահեռ գործընթացներ են։
Դիվերսիֆիկացիա՝ հումքային կախվածությունից դեպի արդյունաբերական խորացում
Տնտեսության բազմազանության առանցքային քայլը հումքային արտահանման սահմանափակումն է՝ անցում կատարելով դեպի վերամշակում և վերջնական արտադրանք։
Խտանյութի արտահանումը կախվածություն է միջազգային գներից, իսկ մետաղագործությունը, կոնստրուկցիաները, մեքենաներն ու սարքավորումները՝ արժեք ստեղծող շղթա։ Սա ձևավորում է ոչ միայն արտահանում, այլև արդյունաբերական էկոհամակարգ։
Տնտեսական դիմադրողականություն՝ ոչ պատահական աճ
Արտահանելի և դիվերսիֆիկացված ոլորտները թույլ են տալիս նվազեցնել կախվածությունը ներքին պահանջարկի տատանումներից, մեղմել տնտեսական պարբերաշրջանների ազդեցությունը, ինչպես նաև պահպանել ակտիվությունը նույնիսկ ներքին դանդաղումների ժամանակ։
Սա տնտեսական կայունության և անվտանգության խնդիր է։
Ընտրություն՝ մրցունակության հիմքով
Հայաստանի հեռանկարային ոլորտները պետք է ընտրվեն ոչ թե ցանկերի, այլ մրցունակության, տեխնոլոգիայի և շուկայի հասանելիության հիման վրա։
Դրանք ներառում են․ռազմարդյունաբերություն, տիեզերական և բարձր տեխնոլոգիաներ, ՏՏ և ֆինտեխ, կենսատեխնոլոգիա և առողջապահություն, կրթություն և զբոսաշրջություն՝ որպես բազմապատկիչ ոլորտներ։
Պետության դերը՝ ընտրել, ուղղորդել և խորացնել, այլ ոչ թե տարածվել բոլոր ուղղություններով։
«Միասնության Թևեր»-ի հինգերորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է։ Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տնտեսությունը կառուցվում է ընտրված, խորը և շուկային միացված ոլորտների վրա»։

Աղբյուրը`   Դավիթ Անանյան