Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Կոչ զգաստության և աղոթքի»․ Մայր Աթոռ

65
Այսօր, 11:30
«Կոչ զգաստության և աղոթքի»․ Մայր Աթոռ

ԿՈՉ ԶԳԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂՈԹՔԻ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։
Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայր Աթոռ ողղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։
Տերը օգնական հայոց ազգին»,- նշված է հաղորդագրության մեջ։