Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան». Զարուհի Փոստանջյան

109
Այսօր, 16:36
«Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան». Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեղեկացնում եմ, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ 20.10.2025 թվականին քաղաքական դրդապատճառներով նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնեմ, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերոնշյալ վարույթով առ այսօր ՀՀ դատարանները կիրառել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային հակասող սահմանափակումներ.
• Ապօրինի գաղտնալսել և գաղտնի տեսանկարահանել են (Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ) ոչ միայն պարոն Վարդան Ղուկասյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին:
• Ապօրինի և նվաստացուցիչ պայմաններում ձերբակալել են, ապա ապօրինի երկու ամսով կալանավորել են:
• Հարկադրաբար Վարդան Ղուկասյանին պահում են հակասանիտարական և անմարդկային պայմաններում: Նրան չի տրամադրվում անհրաժեշտ բժշկական օգնություն, նրան խոչընդոտում են իր խղճի, կրոնի և դավանանքի իրավունքի իրականացումը:
Վերոնշյալ ապօրինությունները հնարավոր է եղել իրականացնել դատավորներ՝ Ժորա Չիչոյանի և Վարդգես Սարգսյանի կողմից կայացված դատական ակտերի հիման վրա:
Այժմ հերթը հասել է 30-ամյա և դեռ երկու ամիսը չլրացած՝ դատավոր դարձած Լեւոն Պետրոսյանին: Դատավոր Լևոն Պետրոսյանը ստանձնել է քննել պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ պատվիրված շինծու վարույթը և նշանակել է նախնական լսումների առաջին դատական նիստը՝ 17.12.2025 թվականին, ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցե՝ ՀՀ, Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9):
Յուրաքանչյուր մարդ իր կյանքում որոշակի փորձություններ է անցնում։ Պատմության յուրաքանչյուր փուլում եղել են մարդիկ, ովքեր չեն հաղթահարել այդ փորձությունները, մինչդեռ մյուսները հաջողությամբ են անցել դրանք։
Կարծում եմ այս բոլոր փորձությունների նպատակն է ցույց տալ և պահպանել Աստծո, Արդարության, Մարդկության հանդեպ սերը։
Համոզված եմ Ժորա Չիչոյանը և Վարդգես Սարգսյանը չեն սիրում Աստծուն, Արդարությունը և Մարդկությունը: Հավանաբար նրանք դատական ակտ կայացնելիս առաջնորդվել են հետևյալ համոզմունքով՝ չկա Աստված, իսկ եթե չկա Աստված, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, իսկ Արդարությունը և Մարդկությունը նրանց համար արժեք չեն:
17.12.2025 թվականը կյանքի փորձության օր է՝ Լևոն Պետրոսյանի համար: Լևոն Պետրոսյանը պետք է ընդունի որոշում, որով հայտնի կդառնա նրա համար Աստծո գոյությունը և նրա հավատամքը Արդարության և Մարդկության նկատմամբ»: