2027-ից Հայաստանում կկրճատվի պլաստիկ արտադրանքի գործածությունը
200
Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ., 15:22
Նոյեմբերի14-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության մշակած օրենսդրական նախագծի փաթեթը, որով 2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի ✔️ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի: ✔️ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։ Արգելվելու է նաև ՝ ✔️ պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը կամ օտարումը՝ նույն վայրերում։ Այստեղ ևս սահմանված է բացառություն՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։ Սույն նախագծերով սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 1-ին դեպքում նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում՝ կնշանակվի 100.000-150.000 դրամ տուգանք։ Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է Շուկայի վերահսկողության տեսչական և Տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ։