«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթացը դրական ազդեցություն կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա»․ Արարատ Միրզոյան
![]() Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակում ՍիվիլՆեթի թղթակից Արշալույս Մղդեսյանը բացառիկ հարցազրույց է ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Խոսել են համաժողովի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ շփումների մասին։ – Իսկապես, սա առաջին հանդիպումն էր մեր հայտարարությունից հետո, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է: Հասկանալիորեն մենք քննարկել ենք այդ հարցը: Մեծ հաշվով, երկու երկրների դիրքորոշումները հանրային են: Այստեղ գաղտնիք և նորություն չկա: Մեր մոտեցումն այն է, որ չկա և չի կարող լինել այնպիսի պայմանագիր, որը կհասցեագրի բոլոր հնարավոր հացերը: Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը, վավերացումն ու ուժի մեջ մտնելը հարաբերությունների ընդհանուր կարգավորման ու կառուցման միայն սկիզբն է լինելու: Մանավանդ, որ այդ պայմանագրում մենք ունենք կետ, համաձայն որի՝ պետք է ստեղծվի երկկողմ հանձնաժողով պայմնագրի իրականացումը մշտադիտարկելու, խնդիրները մեկնաբանելու, լուծումներ գտնելու համար։ Իսկ խնդիրներ, վստահաբար, կծագեն: Որոշակի շրջան կպահանջվի համատեղ աշխատելու, որպեսզի բոլոր լուծումները գտնվեն: Ուստի մեր մոտեցումը սա է՝ անմիջապես ձեռնամուխ լինել ստորագրմանն ու վավերացմանը, և հետո ընթացքում փորձել լուծել մնացած հարցերը: Հայտնի է, որ Ադրբեջանն իր դիրքորոշումն ունի այս հարցում: Նրանք, մասնավորապես, երկու նախապայման են նշել՝ ԵԱՀԿ Մինսխի խմբի լուծարում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն: Մինսկի խմբի լուծարման հետ կապված մեր դիրքորոշումը պարզ է: Մենք կարծում ենք, որ այն պահին, երբ հակամարտությունը դադարի գոյություն ունենալ նաև փաստաթղթով, իսկ դա կարող է լինել պայմանագրի ստորագրմամբ, այդ պահից սկսած կոնֆլիկտի համար ստեղծված Մինսկի խումբն այլևս կարիք չի ունենա շարունակել իր գոյությունը: Մենք պատրաստ ենք միաժամանակ այդ երկու գործողությունն իրականացնել: Այն է՝ ստորագրել պայմանագիրն ու միասին հանդես գալ նախաձեռնությամբ՝ դադարեցնելու Մինսկի խմբի գործունեությունը՝ դիմելով ԵԱՀԿ մյուս գործընկերներին, քարտուղարությանը և անդամ երկրներին: Սահմանադրության հարցով ևս մենք մեր դիրքորոշումը բազմիցս նշել ենք: Նախ, մենք համոզված ենք, որ մեր Սահմանադրության մեջ չկա այդպիսի խնդիր [տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ – խմբ.], ավելին՝ Ադրբեջանի սահմանադրության մեջ կա խնդիր: Այն է՝ հղում իրենց անկախության ակտին, որը պարունակում է տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ: Բացի այդ, պետք է նշել, որ հարցը լուծվում է բուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Պայմանագրով ճանաչում ենք միմայնց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին: Վավերացման գործընթացում մենք դիմելու ենք մեր Սահմանադրական դատարանին, և եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ այս պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, կստացվի, որ հարցը լուծված է: Եթե տեսականորեն Սահմանադրական դատարանը այլ բան գտնի, դա կլինի այլ իրավիճակ, կնստենք, կհասկանանք՝ ինչպես շարունակել: Իհարկե, ես չեմ կարող որոշել Սահմանադրական դատարանի փոխարեն, բայց ես կարող եմ ենթադրել, որ Սահմանադրական դատարանի որոշումը կլինի դրական՝ ելնելով նրա այն որոշումից, որը կայացվեց նախորդ տարվա սեպտեմբերին համանաման փաստաթղթի քննարկման ժամանակ: Այն ժամանակ Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգին, որն ըստ էության ուներ նման բովանդակություն: Այնտեղ ևս նշվում է, որ սահմանզատում պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ այդ հռչակագիրն ասում է այն, ինչ ես քիչ առաջ ասացի պայմանագրի համատեքստում: Այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչվում է այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին: Ելնելով սրանից՝ կարծում եմ, որ այս անգամ ևս Սահմանադրական դատարանի որոշումը պետք է որ դրական լինի: Կրկնում եմ, եթե լինի այլ դիրքորոշում ու եզրակացություն, կլինի այլ իրավիճակ: Սա է հիմնականը: Ասել, որ ստացվեց առաջընթաց գրանցել, այս հարցում համոզել միմյանց փոխել դիրքորոշումներ, կլինի մեծ չափազանցություն: Բայց կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել: Բանակցությունները պետք է շարունակվեն այնքան, մինչև դրական լուծումներ գտնվեն: Բանակցությունների դադարումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ ընդհանուր կարգավորման գործընթացի, էլ չասած՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա: – Արվելու է ամեն բան, որ գործընթացը փակուղի չգնա: Փակուղի մենք չենք ուզում, և այս ամբողջ գործընթացում մեր ցուցաբերած կառուցողական մոտեցումը հենց դրա մասին է վկայում: Դա կիրառելի է թե՛ խաղաղության պայմանագրի համատեքստում, թե՛ մնացած հարցերում: Տեղյակ եք, որ մենք տարբեր առաջարկներ ենք արել ադրբեջանական կողմին, նաև՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Այդ հարցում ևս փորձել ենք որոշակիորեն հասցեագրել իրենց մտահոգությունները: Մեր համոզմամբ, հիմա մենք արել ենք մի առաջարկ, որը լիովին համապատասխանում է և՛ մեր պատկերացումներին, և՛ փարատում է իրենց մտահոգությունները: Նույնը կարող ենք ասել սպառազինությունների վերաբերյալ: Մասնավորապես, մենք առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման և վերիֆիկացիայի համատեղ մեխանիզմ, առաջարկել ենք նաև ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ և այլն: Մենք պետք է շարունակենք մեր կառուցողական ներգրավվածությունը: – Մեծ հաշվով, սկզբում ադրբեջանական կողմից քիչ թե շատ դրական արձագանք նկատեցինք: Բայց հիմա տեսնում ենք ավելի սառը վերաբերմունք այս առաջարկին: Կդժվարանամ պատասխանել, թե ինչով է սա պայմանավորված: Բայց առաջարկը հետևյալն է. Պահպանելով ենթակառուցվածքների նկատմամբ երկու երկրների ինքիշխանությունը, այսինքն՝ Հայաստանի տարածքում Հայաստանի ինքնիշխանությունը, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրանից բխող բոլոր գործիքակազմերը՝ Հայաստանը ստանում է Ադրբեջանի երկաթուղիներն օգտագործելու հնարավորություն, այն է՝ իր ապրանքներն ադրբեջանական տարածքով որևէ տեղ ուղարկելու կամ այնտեղով ստանալու: Նույն կերպ Ադրբեջանը ստանում է Հայաստանի երկաթուղային ցանցով ապրանքներ ուղարկելու և ստանալու հնարավորություն: Հասկանում ենք, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ամենակարճ երկաթուղային կապը կարող է լինել Հայաստանի հարավով՝ Մեղիրով անցնող երկաթուղին, և Նախիջևանի տարածքով մեր երկրի տարբեր մասերը կապող երկաթուղին, ուստի այստեղ կարող ենք ունենալ սահմանահատման որոշակի պարզեցված, հեշտացված ընթացակարգեր: Օրինակ՝ կարող են կիրառվել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ էլեկտրոնային սկաներներ կամ ուղարկվող ապրանքների էլեկտրոնային նախապես հայտարարագրում, կապարակնքված վագոններ և այլն՝ մեխանիզմներ և գործիքներ, որոնք թույլ կտան հնարավորինս խուսափել ֆիզիկական զննումից: Արտառոց իրավիճակների համար կարող են այլ բաներ նախատեսվել, ընդ որում՝ համատեղ: Փարատելու բեռների տեղափոխման անվտանգության վերաբերյալ Ադրբեջանի հնչեցրած մտահոգությունները, որոնք մենք չենք կիսում՝ մենք երաշխավորում ենք մեր տարածքով անցնող բեռների անվտանգությունը։ Մենք այնուամենայնիվ կարող ենք կիրառել նաև ապահովագրության գործիքներ, որոնք որևէ արտակարգ իրավիճակի կամ պատահարի դեպքում կարող են ենթադրել ֆինանսական փոխհատուցում, ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Կարծում եմ՝ ասվածի շրջանակում ավելի մանրամասն լուծումները կարող են օգնել հարցի լուծմանը: – Կարող եմ ասել, որ իրականում այստեղ ավելի լայն ըմբռնում կա: Ես ներկայացնեմ իրականությունը, դատողություն ինքներդ արեք՝ առաջընթաց կա, թե չկա: Մենք ունենք որոշ համաձայնություններ, որոնք արդեն իսկ իրականացվել են: Կան համաձայնություններ, որ դեռ չեն իրականացվել: Օրինակ՝ մենք օդային տարածքի օգտագործման հարցը, գոնե այս պահին, ըստ էության, համարել ենք լուծված: Մենք համատեղ դիտարկել ենք Մարգարա-Ալիջան սահմանային ենթակառուցվածքների վիճակը: Հայկական կողմը նաև աշխատանքներ է իրականացրել այնտեղ ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: Մենք համատեղ աշխատանքներ ենք տարել, ուսումնասիրություններ ենք իրականացրել Գյումրի-Կարս երկաթուղային անցման, այլ ենթակառուցվածքների վիճակի և գնահատման առումով: Մենք որոշում ունենք, և ընդամենը օրեր առաջ տարբեր գերատեսչություններից մասնագետներ են հանդիպել Անիի պատմական կամրջի վերականգնման աշխատանքների շրջանակում և այլն: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ որոշակի բաներ տեղի են ունենում: Միևնույն ժամանակ, գիտեք, որ մենք ունենք պայմանավորվածություն բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն: Սա իրականացված չէ: Բայց սա գործընթաց է, որոշակի բաներ արագ են առաջ գնում, որոշակի բաներ՝ դանդաղ: Բայց կարող եմ ասել՝ կա ընդհանուր պատկերացում, որ երկխոսությունը հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական կապերի հաստատման և սահմանի բացման մասին է: Ավելին, երկուստեք տեսնում ենք հնարավորություն ոչ միայն մինիմալ հարաբերությունների հաստատման, այլև շատ էական միջպետական առևտրի, տարանցիկ հնարավորությունների, էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման առումով: Նաև նշեմ, որ միջազգային քաղաքականության որոշ հարցերում մեր դիրքորոշումներն ամենևին այդքան հեռու չեն իրարից, քան կարող է թվալ: Ընդհակառակը, երբեմն բավական մոտ են: Այնպես որ, համագործակցության հնարավորություններ կան: Նորից նշեմ, որ մենք չենք խոսում մինիմալ հարաբերությունների հաստատման և փոխհանդուրժողականության մասին: Կա ըմբռնում, որ կան շատ ավելի մեծ համագործակցության հեռանկարներ:
|
«Գիշերվա ժամերին կրակոցներ կան․ մի քանի անգամ գնդակը դիպել է տանը». Ռոբերտ Ղուկասյան (տեսանյութ)
3320:12Օմանում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը (լուսանկար)
7919:39«Քաղաքացի լինելու և «Քաղաքացու օր» նշելու համար նախ՝ պետություն պետք է լինի». Նաիրա Կարապետյան
6419:12«ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների». Պեսկով
11419:03«Չեմ մեկնաբանում». Նիկոլ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագիրը Մոսկվայում ստորագրելու լուրերի մասին (տեսանյութ)
10117:43«Հայաստանն ունի՞ Հնդկաստանին աջակցության խնդիր, թե՞ ոչ»․ Արա Պողոսյան
9817:06