Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 09 մարտի, 2025 թ.

«Փաշինյանը շտապում է վերջին պատառը «տալ», միայն թե Զելենսկու օրը չընկնի». Արմինե Օհանյան

173
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 11:18
«Փաշինյանը շտապում է վերջին պատառը «տալ», միայն թե Զելենսկու օրը չընկնի». Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ անհատի ծրագրերն իրականություն չեն դառնում, ասում ենք՝ խելքն ու գիտելիքը չհերիքեցին, ճիշտ հաշվարկ չարեց, գլխից մեծ գործ բռնեց, ոտքերն իր վերմակով չմեկնեց: Իսկ ի՞նչ են ասում, երբ գերտերություններն են իրենց հաշվարկներում սխալվում: Այն էլ ինչ գերտերություններ՝ հսկայական ռեսուրսներ, հարուստ փորձ, պետական կայացած ինստիտուտներ, գիտահետազոտական և վերլուծական կենտրոններ, համալսարաններ, հմուտ դիվանագետներ ու պետական այրեր ունեցող: Ուզենք թե չուզենք՝ պետք է խոստովանենք, որ արևմտյան աշխարհը սխալ հաշվարկների վրա էր կառուցել իր քաղաքականությունը: Ահռելի քանակի զենք-զինամթերք, անհաշիվ սանկցիաներ, անգամ ժողովրդավարությունից զիջումների գնացին՝ հանուն բաղձալի հաղթանակի... սակայն հաղթել չհաջողվեց: Չնայած Ռուսաստանը քիչ թե շատ ճանաչող, միջին վերլուծական կարողությունների տեր բազմաթիվ մարդիկ զգուշացնում էին, որ անհաղթահարելի խնդիր է իր առաջ դրել Արևմուտքը՝ հնարավոր չէ հաղթել միջուկային գերտերությանը, որի ժողովուրդը սովոր է երկարամյա պատերազմների, որը Լենինգրադի բլոկադա է ապրել, Նապոլեոն ու Հիտլեր է տեսել, որտեղ մարդու կյանքը գրոշ չարժե՝ կարող են միլիոնավոր զոհեր տալ և դա նորմալ համարել: Աշխարհը սխալվեց իր հաշվարկներում, բայց այդ հաշվարկի մամլիչն իր վրա կրում է ուկրաինական ժողովուրդը, որին պետք է արժանին մատուցել՝ որպես կռվող, պայքարող, իր հողը պաշտպանող ժողովրդի: Եվ որքան էլ աններելի մեծ է Զելենսկու մեղքի բաժինը, անհնար է նրան ևս չկարեկցել: Չնայած կան մարդիկ, որոնք ոգևորվել են Զելենսկու հրապարակային ստորացումից և նրա մոտալուտ քաղաքական վախճանն են կանխատեսում՝ «տարոսը՝ հայերիս» աղոթքներով: Բայց կան նաև մարդիկ, որոնք հույս ունեն, որ չի կարող Ռուսաստանի դեմ տասնամյակներ շարունակ պայքարած Արևմուտքն այդքան հեշտությամբ «հանձնվել»: Իսկ մինչ աշխարհում գլոբալ հարաբերություններ են «պարզվում», մեր տարածաշրջանում շտապում են՝ Ալիևը շտապում է հայերից վերջին պատառը փախցնել, Փաշինյանը շտապում է վերջին պատառը «տալ»... միայն թե Զելենսկու օրը չընկնի»:

Աղբյուրը`   Արմինե Օհանյան