Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Վեց տնօրեն՝ չորս տարվա ընթացքում կամ կադրային «բեսպրեդել»»․ Անուշ Պողոսյան

386
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 13:00
«Վեց տնօրեն՝ չորս տարվա ընթացքում կամ կադրային «բեսպրեդել»»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՎԵՑ ՏՆՕՐԵՆ՝ ՉՈՐՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՄ ԿԱԴՐԱՅԻՆ «ԲԵՍՊՐԵԴԵԼ»․
Հովհաննես Մադոյան, Վարդան Ավագյան, Ստեփան Աթոյան, Սպարտակ Պետրոսյան, Կարեն Հակոբյան, Արմեն Օհանյան։ Այս անձինք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերջին չորս տարիների բոլոր տնօրեններն են։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն առողջապահության նախարարության ենթակայության ռազմավարական նշանակություն ունեցող բժշկական հաստատություն է՝ միակ մասնագիտացված կառույցը երկրում։ Թե որքան կարևոր նշանակություն ունի այս հաստատությունը երկրի համար, մեր բնակիչները համոզվել են Covid-19 համավարակի ընթացքում։
Չնայած իր կարևոր նշանակությանը, պարզվում է՝ արդեն մի քանի տարի շարունակ «տխուր» ֆինանսական և բարոյահոգեբանական վիճակում գտնվող այս կառույցում, 2021 թվականից սկսած, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վեց տնօրեն է փոխել։
Այս հաստատության գործունեությունը համակարգում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ձևավորվել է 2020 թվականին՝ նախարարության ենթակայության երկու բուժհաստատությունների՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման արդյունքում։
2020 թվականին արդեն նորաստեղծ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն նշանակվեց նախկինում ՁԻԱՀ ունեցող պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեությամբ հայտնի Հովհաննես Մադոյանը։ Սակայն Մադոյանի՝ տնօրեն աշխատելը եղավ կարճատև։
Արդեն 2021 թվականի ամռանը նրան փոխարինեց մինչ այդ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում ծավալված Covid-հիվանդանոցի պատասխանատու, ապա Թոքաբանության կենտրոնում տնօրեն աշխատած Վարդան Ավագյանը։ Սակայն մոտ մեկ տարի անց՝ 2022 թվականին, Վարդան Ավագյանն էլ հրաժեշտ տվեց իր պաշտոնին։
Ավագյանին փոխարինելու եկավ Ստեփան Աթոյանը։ Ի տարբերություն նախորդ երկու տնօրենների, Ստեփան Աթոյանը Ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատեց երկու տարուց ավելի՝ 2024 թվականի գարնանը տնօրեն նշանակվելով Նանուշյանի կողմից համակարգվող մեկ այլ հաստատությունում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում։
Այնուհետև տնօրենի ժ/պ նշանակվեց մասնագիտությամբ ռեանիմատոլոգ Սպարտակ Պետրոսյանը։ Վերջինս 2020 թվականից հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչն էր, իսկ հետագայում՝ Ստեփան Աթոյանի տեղակալը։
Սեփական դիմումով ազատված Պետրոսյանին 2024 թվականի տարեվերջին փոխարինեց Կարեն Հակոբյանը՝ նշանակվելով տնօրենի ժ/պ։
Օրեր առաջ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ նշանակվեց երբևէ ղեկավար պաշտոն չզբաղեցրած Արմեն Օհանյանը, որին մեծ շուքով Լենա Նանուշյանը տարել, ներկայացրել է հիվանդանոցի անձնակազմին։
Ըստ հավաստի աղբյուրների Առողջապահության նախարարությունում և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում վստահ են՝ Ավանեսյանին և Նանուշյանին հետաքրքրում է ոչ թե քայքայման եզրին գտնվող կենտրոնի ճակատագիրը, այլ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար Գլոբալ հիմնադրամի կողմից տրամադրվող միլիոնավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցները և այդ միլիոնների հիմնական շահառու հանդիսացող հիմնարկության տնօրենի «հեզ ու հնազանդ» լինելու հանգամանքը։
Հ.Գ. Նիկոլ Փաշինյան, «Кадры решают всё»։

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան