Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ.

«Արցախն Ադրբեջանին տալու սեփական մեղքն արդարացնելու նոր մարտավարություն է ընտրել»․ Նարեկ Գալստյան

90
Այսօր, 12:36
«Արցախն Ադրբեջանին տալու սեփական մեղքն արդարացնելու նոր մարտավարություն է ընտրել»․ Նարեկ Գալստյան

Լրագրող, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի նիկոլականների առաջնորդը հիմա էլ Արցախն Ադրբեջանին տալու հարցում սեփական մեղքն արդարացնելու նոր էպիկ մարտավարություն է ընտրել։ Այլևս չի մեղադրում նախկին իշխանություններին «Արցախը հանձնելու մեջ», սկսել է հայտարարել, թե ուզեին էլ, «չէին կարող այլ բան անել»։ Սրանով, իհարկե, Փաշինյանը ոչ թե փորձում է favour տալ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այլ ընդամենը յուր օրեցօր սակավաթիվ կողմնակիցներին համոզում է, որ տեղի ունեցած ողբերգությունն այլընտրանք չուներ։ «Լուծեիք, ե՞ս էի խանգարում» թեզը «նախկիններն են տվել, ես կապ չունեմ»-ի տրամաբանական շարունակությունն է։
Հոգեբանության մեջ կա մի ապացուցված երևույթ, երբ ինչ-որ մեկը հաճախ նույն սուտը կրկնում է, սկսում է ինքն էլ իր ասածին հավատալ։ Ուստի պետք է անհոգնել հիշեցնել ՀՀ նիկոլականների առաջնորդին, որ Հայոց պատմության ամենամեծ ողբերգության ճարտարապետն ու կատարողը ինքն է, քանի որ մերժել է 2019 թ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկը, Հայաստանում հայտարարել, թե ոչ մի նոր թուղթ բանակցություններից չի ստացել, իսկ հետո, ինչպես ինքն է խոստովանել, «դրել իրան գժի տեղ» (ուղիղ մեջբերում հայտնի ձայնագրությունից) և «թռել այդ գնացքից»։
Ինքն իրեն գժի տեղ դրածի «գնացքից թռնելը» հայ ժողովուրդը վճարել է հազարավոր զոհերով, խեղված ճակատագրերով, կորցրած քաղաքներով, գյուղերով, ավիրված գերեզմաններով ու պղծված եկեղեցիներով։
Արցախը հայկական պահելը հնարավոր էր, Արցախը հայկական չպահելն էր գրեթե անհնար։ Գրեթե, որովհետև ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ գալու է մի պահ, որ ինչ-որ մեկի մտքով կանցնի այսքան արյան գնով «իրեն գժի տեղ դնել» ու «թռնել մի գնացքից», որն իրենից մարմնավորում էր մեր պետությունը։ Այո', «ինքն իրեն գժի տեղ դրածն» իսկապես «թռա'վ գնացքից» ու ընկավ ուղիղ Ալիևի և Էրդողանի գրպանն ու Հայոց պատմության աղբանոցը։
Հ.Գ. Այս ողբերգության գլխավոր, սակայն միակ մասնակիցը Փաշինյանը չէ։ Չպետք է մոռանալ այդ օրերի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պատերազմից ամիսներ առաջ վստահեցնում էր, թե ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք։ Այդ նա էր, որ արագ հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցությունների հետևանքով ցանկացած ելքի պարագայում Շուշին հանձնվելու էր Ադրբեջանին, իսկ հիմա, ըստ օդում կախված լուրերի, սպասում է Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր նշանակվելու հրամանին»։

Աղբյուրը`   Նարեկ Գալստյան