Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Սիրիան` որպես պետություն, գոյություն չունի շատ վաղուց». Հակոբ Բադալյան

282
Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2024 թ., 19:48
«Սիրիան` որպես պետություն, գոյություն չունի շատ վաղուց». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Եզրահանգումները, թե հնարավոր է՝ դադարի գոյություն ունենալ Սիրիան՝ որպես պետություն, մեղմ ասած, տարակուսելի են:
Տարակուսելի են այն պատճառով, որ Սիրիան՝ որպես պետություն գոյություն չունի շատ վաղուց: Սիրիան շատ վաղուց է բաժանված տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների միջև, և, օրինակ, եթե տարիներ շարունակ Բաշար Ասադը Սիրիայի նախագահի պաշտոնին է մնում, որովհետև դա պետք է Ռուսաստանին ու Իրանին, դա բացարձակապես չի նշանակում, թե կա Սիրիա պետություն:
Հետևաբար, ինչպես դասականը կասեր՝ «Սիրիայի մահվան մասին» տեղեկությունները խիստ չափազանցված են, որովհետև Սիրիան «մահացել» է շատ տարիներ առաջ:
Եվ սա, իհարկե, շատ ցավալի է, բայց՝ ակնառու:
Ընդ որում, այստեղ դասը հետևյալն է, որ այդուհանդերձ որեւէ պետության համար կարևորագույնը ոչ թե արտաքին որեւէ ուժեղ խնամակալ ունենալն է, այլ ներքին դիմադրունակ օրգանիզմ՝ հիմնված հասարակական համակեցության կենսունակ արժեքների վրա, որոնք ձեւավորում են ոչ թե միատարր հասարակություն, կամ ինչպես հաճախ կենաց է խմվում՝ «միասնական ժողովուրդ», այլ հասարակական օրգանիզմ, որը գիտե ապրել տարբերություններով:
Որովհետեւ, արտաքին ազդեցությունները դառնում են կենսունակ և քայքայիչ այն հանրությունների հանդեպ, որոնք չգիտեն, թե ինչպես ապրել համատեղ՝ չունենալով մոնոլիտ պատկերացումներ:
Սա լրջագույն խնդիր է, որը չունի լուծում, այլ՝ մշտական կառավարման հարց: Եվ այդ մշտական կառավարումը պետք է իրականացնեն քաղաքական ու տնտեսական էլիտաները: Մի բան, որ Հայաստանում չի եղել ու չկա՝ որպես այդպիսին:
Գործնականում գերիշխողը կռիվն է, թե արտաքին խնամակալության ուղղությամբ ո՞ր քայլերն են ճիշտ, որոնք՝ սխալ: Որեւէ սկզբունքային տարբերություն չկա՝ նախընտրելի խնամակալ դիտվում է Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոմիությունը, Իրանը, թե՞ Հնդկաստանն ու Չինաստանը:
Բացարձակ ոչ մի տարբերություն: Եվ այդ իմաստով հավասարապես խաբեություն կամ ինքնախաբեություն են աներկբա հավաստիացումները, թե օրինակ՝ Ադրբեջանին զսպում է սա, նա, կամ էն մյուսը, կամ սրա, նրա, կամ էն մյուսի պարագայում է բացառվում պատերազմը, եւ այլն, եւ այլն:
Ինչպես ենք մենք ներսում ապրում միմյանց հետո: Սա է պետության, պետականության կենսունակության հիմքը: Կարողանո՞ւմ ենք ձեւավորել անգամ էական տարբերությունների պարագայում համակեցության ընդհանուր ուղենիշներ, թե՞ ոչ: Եվ որքա՞ն են այդ ուղենիշները իրենց բովանդակությամբ ու տրամաբանությամբ ներքին, այսինքն, առավելապես մեր որոշումների ազդեցության դաշտում»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան