Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Օրինապաշտ հարկատուին շահախարդախները «գցում են»». Կարեն Հեքիմյան

129
Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2024 թ., 02:12
«Օրինապաշտ հարկատուին շահախարդախները «գցում են»». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ են անհրաժեշտ հարկատուները կամ եկեք խմենք նորմալ պետությունների կենացը:
Օրինապաշտ, հարկերն ու պետական այլ վճարները պարտաճանաչ կերպով վճարող քաղաքացուն (ձեռնարկատիրոջը) շահախարդախները «գցում» են: Ընդ որում, թե նախաքննության, թե դատաքննության փուլում շահախարդախներն ամբողջ ծավալով ընդունում են իրենց մեղքը: Բաց է մնում պատճառված վնասի փոխհատուցման խնդիրը: Պարզվում է, որ շահախարդախները վճարունակ չեն, չունեն սեփական գույք և դրամական միջոցներ: Ավելին՝ վերջիններս որևէ տեղ չեն աշխատում, հետևաբար՝ չեն ստանում աշխատավարձ: Այսինքն, ստացվում է, որ օրինապաշտ, հարկերն ու պետական այլ վճարները պարտաճանաչ կերպով վճարող քաղաքացին (ձեռնարկատերը) որևէ կերպ չի կարողանալու հետ ստանալ շահախարդախության արդյունքում կորցրած դրամական միջոցները: Պետությունն, ի դեմս դատական համակարգի, վերջինիս տրամադրում է շուրջ 10-20 էջանոց վճիռ և ... վերջ:
Փաշինյան Նիկոլն ասում է, որ պետությունում ամենակարևոր մարդիկ հարկ վճարողներն են, որոնց պատվին պետք է կենացներ ասել: Միգուցե ճիշտ է ասում, սակայն նրա դատարկ խոսքերից հարկ վճարողներին ոչ տաք է, ոչ սառը: Բերվածս օրինակը դրա վառ ապացույցն է: Դա նշանակում է, որ, ի դեմս Փաշինյան Նիկոլի, Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե օրինապաշտ հարկատուներ, այլ բացառապես վերջիններիս կողմից վճարված այսրոպեական հարկերը:
Ի տարբերություն Հայաստանի, նորմալ պետություններում իրականում հարգում և գնահատում են հարկատուներին: Մասնավորապես, եթե պետության միջամտությունը չի բավարարում և քաղաքացին չի կարողանում ստանալ շահախարդախության արդյունքում կորցրած դրամական միջոցները, ապա պետությունը քաղաքացու կորցրած գումարի չափով, օրինակ՝ ներում է վերջինիս պարտքերը կամ ազատում է հարկերից:
Եվ, ուրեմն, եկեք խմենք հարկատուների, կներեք, նորմալ պետությունների կենացը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան