«Բա «Արցախը Հայաստան է, վե՛րջ» ինչո՞ւ էիր գոռում. որ Ալիևին գրգռեի՞ր»․ Դավիթ Կարապետյան
63
Այսօր, 11:18
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վտանգավոր ողորմելիները… Շարունակվում է ապաշնորհ ապիկարների, պատեհապաշտ պատուհասների ու «բեդովլաթ» բախտախնդիրների բենեֆիսը: Ամեն մի դեմագոգ դիլետանտն իր ամպլուայի մեջ պրոֆեսոր է խաղում, ազգին ու պետությանն իր պիտանելիությունն է ի ցույց դնում: Բայց արի ու տես՝ տգիտության պերճանքն ու թշվառությունը սահմաններ չունի: Մառազմն էլ այն է, որ առաջին տիկինն է իր վրա վերցրել «տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավը»: «Կրթվելը նորաձև է» գիտաֆանտաստիկ լոզունգի ներքո վերջինս պատերազմ է հայտարարել տգիտությանը: Ինչ խոսք, այս գովելի նախաձեռնության մասին լսելիս՝ եփած հավն էլ կծիծաղեր: Ստացվում է՝ մարդիկ արշավելու ու պայքարելու են իրենց իսկ դեմ: Հուսանք՝ շրջապատում ինքնաբավ ու անաչառ մեկը կգտնվի, ով կմատնանշի, թե ձեր թիմում ովքեր են տգիտության մարմնավորումները, տկարամտության էվերեստները, ազնվորեն կասի, թե ովքեր պետք է աշխատեն իրենց վրա, կատարեն առաջին քայլերը, գոնե ձեռք բերեն բազային գիտելիքներ, ով կհորդորի, որ տգիտությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է նախ սկսել իրենցից ու ազատվել տգետ ու տկարամիտ ղեկավարներից: Բայց ասեմ, ուրախացեք: Ժողբաստիոնի էլիտա՛, շնորհավորում եմ, դուք տգետ չեք: Տգետներն այսքան չէին ձգի: Ընդհակառակը՝ դուք ակունք իմաստության, մտքի տիտան ինտրիգանտներ եք: Դուք շոուների, դեմագոգիայի, պաթոսի, լիրիկական զեղումների, պարաժի, մուխլյոժի, մուտիտի ու կրիտիտի գուրուներ եք, ցինիզմի ու ֆետիշի, էմոցիոնալ սպեկուլյացիաների ու մանիպուլյացիաների վարպետներ եք: Հետո ինչ, որ ձեր ասածն ու արածն ուղիղ հակառակի, իրականն ու ճիշտը խեղելու, այլափոխելու մասին է: Հետո ինչ, որ ձեր նախանշած տգիտության դեմ արշավը գիտության դեմ դեմարշն է: ԿԳՄՍ-ն՝ վկա: Բայց և բարի խորհուրդ: Նախ ինքներդ կրթվեք, տարրական գիտելիքներ ձեռք բերեք, պատմություն ու գրականություն կարդացեք, որպեսզի որևէ ԲՈՒՀ-ից բարձրագույնի դիպլոմ գոնե «դրմստեք», որ այսօր էլ գիտությունից ու տգիտությունից խոսեք: Թերուս պատուհասներին էլ բացատրեք, որ ադրբեջանական մոտիվներով ու մուտիլովկեքով, ֆարսերով ու նարատիվներով իրենց էքստրավագանտ, էկլեկտիկ ու ալեգորիկ մտքերի տարափն ու լիրիկական էլեգիաները՝ մեղմ ասած տնաքանդություն են: Կոլաբորացիոնիզմը, թշնամու ջրաղացին ջուր լցնելը, նրան արդարացնելը, պատվեր կատարելն ու շահերը սպասարկելն էլ այսօր ոչ, բայց վաղը օրենքով պատժելի են: Պատմությունից ու հայրենաճանաչությունից ոտաբոբիկին բացատրե՛ք, որ «Արևմտյան Հայաստան» ու «Արևմտյան Ադրբեջան» հասկացություններն ու տերմիններն անհամադրելի են: Որ նման տխմար ու փնթի զուգահեռներ ու համեմատականներ կարող է տանել, լավագույն դեպքում, թշնամու միջին վիճակագրական կիսագրագետ ու աբիժնիկ քաղաքացին: Ստացվում է՝ միջինասիական յայլեքից ժամանած անդեմ քոչվորին կարելի է սուվերեն երկիրդ անվանել «արևմտյան ադրբեջան» ու շրջանառության մեջ դնել այդ հորինված, կեղծ ու շինծու թեզը, իսկ մենք չպետք է արտաբերենք 4-րդ դարից կիրառվող՝ «Արևմտյան Հայաստան» տերմինը, որպեսզի այն չգրգռի նրանց, արդյունքում էլ պետականության կորստի չհանգեցնի: Մեղա՜ քեզ, Տեր, մեղա՜… Բա որ դա գրգռում է Ալիևին, Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է վե՛րջ» ինչո՞ւ էիր գոռում: Գոռում էիր, որ գրգռեի՞ր: Որ հետո Արցախի պետականության կորուստն արձանագրեի՞ր, հիմա էլ Հայաստանի մասով խրատվեի՞ր: Այդ իսկ պատճառո՞վ է, որ թթու մի բառ անգամ չես ասում կիրթ ու կառուցողական կոլեգայիդ մասին, ավելին՝ հաշտ ես ես ասածների հետ: Քոչվոր հարևանդ «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անունով հեռուստաալիք, համայնք ունի, COP 29-ի շրջանակներում՝ «վերադարձ Արևմտյան ադրբեջան», «ադրբեջանական Իրեվան» խորագրերով պետական ամենաբարձր մակարդակով միջոցառումներ է կազմակերպում, երկրիդ հանդեպ հավակնություններ է ներկայացնում, նվաճողական և հակահայկական ծրագիր ներկայացնում, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացումն ու ադրբեջանցիներով բնակեցումը, պատմամշակութային ժառանգությունդ է ալբանացնում, մեզ եկվոր կոչում: Իսկ դուք հերիք չէ, որ ծպտուն չեք հանում, ժողովրդին էլ հորդորում եք հանդուրժողականություն դրսևորել, ըմբռնումով մոտենալ, սուս մնալ ու չպատասխանել: Ո՞վ էք դուք, ավելի ճիշտ՝ ի՞նչ եք դուք… Երկիրդ «Արևմտյան ադրբեջան» անվանողին գոնե պետք է լուսաբանես, որ իրենց արհեստածին պետությունն է մաս կազմում Արևելյան Հայաստանի: Որ «Ադրբեջան» եզրույթն էլ պարսկական Ատրպատական նահանգի ձևափոխված անվանումն է: Երևանդ՝ Իրեվան, Սևանդ՝ Գոյչա ասողին, Բակուրակերտի, Գանձակի, Շահումյանի, Նախիջևանի ու Արցախի մասին փաստաղթերն ու քարտեզները աչքը պետք է կոխես ու բերանները փակես: Ինչևէ, դուք ո՜ւր, ասածներս ուր… Շնորհակալություն հայտնեք Հայաստանում ֆրանսիայի դեսպանին, ով ձեր փոխարեն պորտատեղադրիչ պատասխանով է հանդես գալիս: Վերջինս՝ «Միակը և անփոխարինելին» վերտառությամբ գրառում է արել, կցելով Պարսկաստանի քարտեզը՝ «Արևմտյան Ադրբեջան» նահանգով հանդերձ: Ասել կուզի՝ կա մեկ «արևմտյան Ադրբեջան» և այն Պարսկաստանի հյուսիս-արևմտյան նահանգ է: Ինչևէ, շարունակվում է վտանգավոր ողորմելիների շքերթը: Շարունակվում է նաև համաժողովրդական ապատիան: Կրկին փաստում ենք՝ ունենք այն, ինչ ունենք, մենք արժանի ենք մեր ունեցածին, մեր խաչն էլ դեռ պետք է քարշ տանք… Այսքան խղճուկ վիճակում երբևէ չենք եղել»: