«Դպրոցների սանհանգույցներում սանիտարահիգիենիկ պայմանները ողբալի վիճակում են»․ Թագուհի Թովմասյան
161
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ., 18:24
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք դպրոցների սանհանգույցներում սանիտարահիգիենիկ պայմանները ողբալի վիճակում են։ Գրություններ եմ ուղարկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Ահազանգել եմ Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, տաք ջրի համատարած բացակայության, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայության, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներ մասին: Սեպտեմբերի 1-ից, նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, ես բազմաթիվ ծնողներից և ուսուցիչներից ստացել եմ դժգոհություններ, որ տարիներ շարունակ թվարկված խնդիրները չեն լուծվում. Խոսվում է ներառականության մասին, սակայն դպրոցներում սանհանգույցներն անգամ հարմարեցված չեն սահմանափակ կարողություններ ունեցողների համար Դպրոցների մեծամասնության ներսում զուգարանակոնքեր չկան (պպզելու միջոցով բնական կարիքները հոգալու հնարավորություն է միայն), որը դժվար է, հատկապես՝ տարրական դասարանների երեխաների համար: Շատ դեպքերում և՛ այսպես կոչված «պպզովի», և՛ «նստովի» զուգարանակոնքերը տեղադրված չեն փակ խցիկներում կամ գոնե առանձնացված չեն միջնորմերով, ինչը գործող նորմերի խախտում է: Դպրոցների մեծ մասում սանհանգույցների սենքերը և սարքավորումներն ապահովված չեն հեղուկ օճառով նույնիսկ: Մեծ մասում ապահովված չեն նաև ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա մեկանգամյա օգտագործման սրբիչներով (երեխաները տանից սրբիչ են տանում): Գրեթե համատարած բացակայում է տաք ջրամատակարարումը: Երեխաները ջուր խմում են սանհանգույցի ծորակներից, երբեմն ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակների տարածման մեծագույն ռիսկ է: Պահանջել եմ նախարարներից տալ հետևյալ պարզաբանումները․ Ե՞րբ են վերջին անգամ ուսումնասիրել թվարկված խնդիրները Ի՞նչ են արձանագրել այդ դաշտում Դրանց լուծման մասով ի՞նչ ծրագրեր ունեն մշակված Ո՞րքան ֆինանսական ներդրում է անհրաժեշտ ՀՀ դպրոցների սանհանգույցները գործող իրավական նորմերին համապատասխանեցնելու և պատշաճ տեսքի բերելու համար Կոնկրետ ի՞նչ ժամկետներում են պատրաստվում լուծել տարրական սանիտարահիգիենիկ օրհասական խնդիրները հանրակրթական դպրոցներում: Ի վերջո ակադեմիական քաղաք կառուցելուց առաջ նախ անհրաժեշտ է, որ ապագա ուսանողները նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններում ստանան իրենց դեռևս դպրոցական կրթությունը: Պարզաբանումները ևս կհանրայնացնեմ»: