Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմը լուսանկարվել է թուրքական արտադրության կտորով «տարազով»` հայկական աղավաղված ու թրքացված նախշերով

339
Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 01:18
«Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմը լուսանկարվել է թուրքական արտադրության կտորով «տարազով»` հայկական աղավաղված ու թրքացված նախշերով

«Բոլոլա» սիթքոմը, որ «Արմենիա» հեռուստաընկերության եթեր է վերադարձել երկրորդ եթերաշրջանով, «Ինսթագրամ»-ի իր էջում հրապարակել է մի լուսանկար, որ համացանցում դարձել է քննարկման առարկա: Պատճառն այն է, որ սիթքոմի գլխավոր դերասանները կրում են թուրքական արտադրության կտորից հագուստ՝ հայկական աղավաղված ու թրքացված նախշերով: Նման կտորների՝ որպես հայկական ներկայացնելու և տարազի մաս դարձնելու դեմ արդեն տևական ժամանակ պայքարում են ոլորտի մասնագետները: Մասնավորապես, ազգագրագետ Վահե Քոթանյանը հեռուստաեթերների ու սոցցանցերի միջոցով մանրամասն ներկայացնում է խնդրի էությունն ու այն հսկայական վնասը, որ հասցվում է մեր մշակույթին՝ այդ կտորները որպես ավանդական հայկական ներկայացնելու պատճառով:

Տարազների խեղաթյուրումը, ըստ Քոթանյանի, եկավ ոչ թե մեզնից, այլ՝ դրսից․ «Մեր «հարևան» թշնամի երկրները փորձեցին մշակութային ուղով քանդել մեր երկիրը, քանի որ նրանց միակ գաղափարախոսությունը մշակութային ճանապարհով այն քանդելն էր, ամենահեշտ տարբերակով՝ դանդաղ մահվան տանելը։ Դա մշակութային հալածման տարբերակն է։ Եվ ընտրեց ճիշտ ուղի ու սկսեց հայկական նախշերից՝ հայկական տարազներից և այլն։ Զարմանալին այն է, որ ԽՍՀՄ տարիներին մեր հայկական պարի խմբերը, որոնք կրում էին հայկական վերականգնված տարազներ, բավականաչափ նման և նույնչափ լավ վերականգնված տարազներ էին, չհաշված ԽՍՀՄ-յան արգելված տարիների, որ չէր թույլատրվում հայրենասիրական գաղափարախոսության կամ ազգային գաղափարախոսության մասին խոսել և այլն, բայց նրանք չքնաղ կերպով վերականգնում էին այդ տարազները և օգտագործում էին՝ որպես պարի հագուստներ։ Նույնը չեմ կարող ասել այժմէական հատվածի մասին, որովհետև չունենալով որևիցե արգելք, չունենալով բռնաճնշում՝ կապված հայրենասիրական թեմաների հետ, մենք ունենք պարային խմբերի հագուստներ, որոնք պարզապես հատակի շորեր են և չունեն տարազային որևէ լուծում և դրանց նույնիսկ վերականգնված հագուստ անվանելը՝ չափորոշիչներից վեր է»,- «Արսմե»-ի հետ զրույցում նշել է ազգագրագետը։

Մասնագետը հստակ նշում է, որ նախշերի խեղաթյուրումը կամ հայկական տարազի ի սպառ վերացումը կհանգեցնի հայկական մշակույթի, հայկական դիմագծի բնաջնջման և մեր մշակույթի տարալուծման, որովհետև հայկական դիմագիծն ու մշակույթն են միմիայն տարանջատում հայկականության սահմանները։

Հայկական աղավաղված նախշերով թուրքական գործվածքը ողողել է հայկական շուկան

Հավելենք, որ երկրորդ եթերաշրջանում սիթքոմի արդեն հայտնի կազմին՝ Արմեն Պետրոսյանին, Զառա Սահակյանին, Աղաս Մանուկյանին, Մագա Հարությունյանին, Նորայր Եղյանին, Անի Արզումանյանին, Աննա Խաչիկյանին, Ագնեսա Շահնազարյանին և Արտյոմ Կարապետյանին միացել են նաև Եվա Բաղդասարյանը, Բորիս Բաղդասարովը և Լևոն Սարգսյանը։

Լուսանկարում Մենչն (Արմեն Պետրոսյան) ու Աղասն են, որոնք նստած են առջևում, իսկ նրանց հետևում կանգնած են Զառան, Անին, Աննան և Մագան։ ««Բոլոլա» պարային համույթ»՝ գրված է և լուսանկարին կից։
ՀԳ. «Բոլոլա» սիթքոմի ինսթագրամյան էջից գրառումն արդեն հեռացված է: