Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.

Ժաննա Անդրեասյանը՝ նոր չափորոշիչով ամփոփիչ ատեստավորման մասին

1069
Շաբաթ, 20 հունվարի, 2024 թ., 23:36
Ժաննա Անդրեասյանը՝ նոր չափորոշիչով ամփոփիչ ատեստավորման մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Սիրելի մանկավարժներ,

ինչպես գիտեք, Տավուշի մարզում այս տարի կփորձարկենք նոր չափորոշչով ամփոփիչ ատեստավորումը չորրորդ, իններորդ և տասներկուերորդ դասարաններում՝ բոլոր դպրոցներում հետագայում նույն ձևաչափը կիրառելու համար։

Չորրորդ դասարանում գիտելիքի ստուգման քննություններ չեն լինի, երեխաները ամփոփիչ բնութագրերի միջոցով կփոխադրվեն։ Որպեսզի միաժամանակ տեղեկացված լինենք երեխաների առաջադիմության ընդհանուր պատկերից, նախատեսում ենք չորրորդ դասարանում արտաքին գնահատում անել մեկ միասնական թեստով՝ մայրենի, մաթեմատիկա, ես և շրջակա աշխարհը առարկաների թեմաներից։ Սա կապ չի ունենա փոխադրման հետ, արդյունքները կստուգվեն կենտրոնացված և դպրոցներ կուղարկվի միայն ընդհանրացված պատկերը՝ հետագա աշխատանքները ուղղորդելու համար։

Իններորդ դասարանում՝

- պատմության և գրականության քննությունները կանցկացվեն մեկ միասնական՝ հետազոտական աշխատանքի ձևաչափով։ Ընդ որում, կգնահատվի բուն հետազոտական աշխատանքը, սովորողի վերլուծական միտքը, իսկ աշխատանքի քերականական մասը կստուգվի կանաչ գրիչի սկզբունքով․ կնշվեն ճիշտ գրված հատվածները, սխալները կգտնի ինքը՝ սովորողը։

- բնագիտության ուղղությամբ սովորողները կունենան հնարավորություն՝ ընտրել կամ նախագծային աշխատանքի ձևաչափը, կամ թեստի։ Ընդ որում, թեստի առաջադրանքները կազմվելու են նոր տրամաբանությամբ՝ միջազգային համապատասխան հետազոտությունների՝ TIMSS-ի և PISA-ի մեթոդաբանությամբ։ Այդ ձևով կկազմվեն նաև մաթեմատիկայի, հայոց լեզվի և օտար լեզվի թեստերը։

-Ֆիզկուլտուրայի ստուգարքը կպահպանվի՝ նորմատիվների հանձնման պահանջով։

Տասներկուերորդ դասարանի թեստերը նույնպես ամբողջությամբ վերափոխվում են միջազգային համապատասխան հետազոտությունների՝ TIMSS-ի և PISA-ի մեթոդաբանությամբ։ Այս տարի փորձարկման ժամանակ Տավուշի մարզի սովորողները լրացուցիչ հնարավորություն կստանան՝ այս նոր ձևով հանձնելու ավարտական և միասնական քննությունները՝ ի լրումն գործող ձևաչափի։ Այսինքն՝ ևս մի հնարավորություն կունենան հանձնելու քննությունները։ Միաժամանակ մեզ համար կստեղծվի լավ հնարավորություն՝ համադրել նոր և հին համակարգերի արդյունքները նույն երեխաների համար»։