Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանությամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակչությունը կազմել է 100.000-150.000 մարդ: Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամասերը: Քաղաքային թաղամասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին: Դվինն իբրև բնակավայր հայտնի է տակավին Ք.ա. III հազ.: Ք.ա. VIII դ. բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Հուշարձանի ստորին շերտերում ամենուրեք նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքերը: Հելլենիստական և անտիկ դարաշրջանում Դվինն Արտաշատ մայրաքաղաքի արվարձաններից էր, նրա տնտեսական մատակարարներից մեկը: Հռոմեական զորավար Կուրբուլունի արևելյան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավվեց, հրդեհվեց նաև Դվինը՝ ամայանալով մինչև IV դ. 30-ական թվականները, երբ հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստոց՝ Ոստան Հայոց: 481 թ. տանուտեր Սահակ Բագրատունին Դվինը հայտարարեց մարզպանական Հայաստանի մայրաքաղաք: Այդ կարգավիճակը փոփոխաբար քաղաքը պահպանեց մինչև 930 թ., երբ հայոց Աբաս Բագրատունի թագավորը մայրաքաղաքը Դվինից տեղափոխեց Շիրակ՝ Կարս: 470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտրոնը՝ (կաթողիկոսությունը Վաղարշապատից Դվին տեղափոխվեց Գյուտ կաթողիկոսի օրոք) ուր շուրջ 400 տարի նստել են Հայոց հայրապետները: