Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.

«Քանի Փաշինյանի իշխանությունը կա, թուրք-ադրբեջանցիները կարիք չունեն մեր եկեղեցու դեմ պայքարի վրա միլիոններ ծախսելու»․ Սևակ Հակոբյան

68
Այսօր, 12:18
«Քանի Փաշինյանի իշխանությունը կա, թուրք-ադրբեջանցիները կարիք չունեն մեր եկեղեցու դեմ պայքարի վրա միլիոններ ծախսելու»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամանակ այդ երկրում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին անում մեր հայրենակիցները՝ ընդդեմ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության և ոչ միայն։ Ի աջակցություն եկեղեցու ակցիաները պարզապես միջոցառում չեն, այլ՝ շատ խորքային քայլ։ Հայ Առաքելական Եկեղեցին ուղղակի կրոնական կառույց չէ. հայկական ինքնության հիմքն է։ Մեր ազգային նկարագիրը, արժեհամակարգն ու մշակութային ԴՆԹ-ն ձևավորվել են այս ինստիտուտի շնորհիվ։ Եկեղեցուն հարվածել՝ նշանակում է կտրել ազգի արմատը։ Դա անում է հայկական կոչվող իշխանությունը՝ երևի պատկերացնելով, որ արդյունքի հասնելու դեպքում հեշտ է լինելու վախեցնել, մանիպուլացնել և տանել ցանկացած կործանարար զիջման։
Նիկոլի քայլերը մեծ աջակցություն են թուրք-ադրբեջանցիներին, որոնք դեմ են Հայաստանում հայերի գոյությանը, հայկական ամեն ինչին։ Քանի Փաշինյանի իշխանությունը կա, նրանք կարիք չունեն մեր եկեղեցու, մեր ինքնության, հայ ժողովրդի դեմ պայքարի վրա միլիոններ ծախսելու։ Կարող են այդ գումարը կրճատել կամ ուղղակի տալ Նիկոլին ու ՔՊ-ին․ սրանք այդ պայքարը թշնամուց լավ են տանում։
Անկարայում և Բաքվում շատ լավ հասկանում են՝ առանց Հայ Առաքելական Եկեղեցու, առանց այդ հոգևոր-մշակութային վահանի, հայերին ձուլելը, մարսելը շատ հեշտ է։ Անդեմ, սպառողական և վախվորած զանգվածը հեշտությամբ կհամակերպվի իր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մտքի հետ։ Այն աննախադեպ և լկտի ճնշումը, որն այսօր իշխանությունը գործադրում է Եկեղեցու վրա, ծառայում է Հայաստանը արագացված տեմպերով հենց «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանա-թուրքական պլանին։
Այսպես է աշխատում այդ մեխանիզմը, և կարծում եմ՝ եկեղեցու թիրախավորումը այս նպատակով է։ Եվ իզուր չէ, որ պատվերը ուղիղ տվեց Փաշազադեն»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան