«Փորձում են վարչական ռեսուրս կիրառել ու սաստել դասագրքի վերաբերյալ քննադատական մոտեցումները». Համլետ Պետրոսյան
2208
Երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ., 00:18
Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի այլ մտահոգություն 7-րդ դասարանի պատմության դասագրքի շուրջ ծավալված բանավեճի կապակցությամբ: Երբ իմ բարեկամ Միքայել Բադալյանն իր մասնագիտական անհանգստությունն արտահայտեց գրքի վերաբերյալ, ես դա համարեցի բնականոն ակադեմիական արձագանք և միանշանակ ողջունեցի նրա՝ գիտնականին վայել բարեկիրթ վերաբերմունքը դեպի դասագրքի հեղինակը և նյութի անաչառ նրա քննությունը: Ահա իմ արձագանքը: Լիովին կիսում եմ Միքայելի անհանգստությունը, մասնագիտական առումով՝ լիովին վստահում նրա բերած փաստարկներին: Բայց հատուկ ուզում եմ շեշտել ակադեմիական այն բարեվարքությունը, որ դրսևորում է Միքայելը: Կեցցեք, բարեկամս: Ես էլ Միքայելի պես չեմ հավատում և միանշանակ մերժում եմ բոլոր այն մոտեցումները, որ Սմբատին մեղադրում կամ կասկածում են միտումնավորության մեջ: Կարծում եմ հիմնական խնդիրը ծրագիրը նախաձեռնողների և իրականացնողների ոչ լուրջ, հապշտապ մոտեցման մեջ է: Կարծում եմ, որ դպրոցական դասագրքերի կազմման համար պիտի պարտադիր լիներ մանկավարժական և մասնագիտական լայն խմբերի կազմումը, նրանց առաջարկած հայեցակարգերի քննարկումը: Թող գործընթացը տևեր մի քանի տարի, բայց արդյունքում կունենայինք հայաստանյան գիտա-մանկավարժական ներուժն արտացոլող դասագրքեր: Ես նույն բովանդակության խոսք գրեցի նաև իմ բարեկամ Սմբատ Հովհաննիսյանին, ուր նրան հորդորեցի ընդունել թերությունները և համագործակցել՝ հանուն ավելի լավ դասագրքի, հատուկ նաև շեշտելով, որ թերությունները պիտի ընդունել և որ ոչ ոք անթերի չէ: Ես միջնադարյան հայ մշակույթի մասնագետ եմ և ինքս էլ մի շարք թերություններ ու բացթողումներ եմ տեսնում: Բայց տարված իմ գործերով և ակնկալելով, որ հանգուցալուծումը կբերի նոր ծրագրի նախաձեռնման, ես խոստացա այլևս չանդրադառնալ այս թեմային՝ հուսալով, որ այն կգտնի իր բարեկիրթ լուծումը: Ցավոք, ինչքան հասկանում եմ, այդպես չեղավ: Եվ այդպես չեղավ համապատասխան պետա-վարչական մարմինների անհասկանալի քամահրական ու մեծամտական դիրքորոշման պատճառով, ինչը հայտնի չափով փոխեց և Սմբատ Հովհաննիսյանի պահվածքը՝ այն դարձնելով ավելի սուբյեկտիվ ու «անկոտրում», ինչի համար անկեղծ ցավ եմ ապրում: Հիմա լուրեր են հասնում, որ փորձում են նաև վարչական ռեսուրս կիրառել ու սաստել դասագրքի վերաբերյալ քննադատական մոտեցումները: Ինչո՞ւ: Որ ասեք, որ դուք իշխող եք՝ մենք ենթակա՞, որ դուք ավելի իմաստուն եք՝ քանի որ իշխանությո՞ւն եք: Փորձ եք արել՝ այս կոնկրետ դեպքում ձախողել եք: Խելոք իշխանությունը դասեր է քաղում, այլ ոչ թե շարունակում է ձախողած դասն ուսուցանել: Հարգանքներս և աջակցությունս բոլոր նրանց, ովքեր կարևոր են համարում գործը, մասնագիտական գիտելիքն ու բարեվարքությունը, այլ ոչ թե դիրքն ու պաշտոնը: Եվ դիմում եմ անձամբ ԿԳՄՍ տիկին նախարարին (ում բանիմացությամբ ու լսելու ունակությամբ հիացել եմ, երբ այցելել էր Դվինի մեր հնավայր)՝ լսել ասպարեզի մասնագետներին և ստեղծել նոր դասագրքի համար նոր բազմապրոֆիլ հանձնաժողով»: