Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ինչպես պատերազմն էր հնարավոր հաղթել, այնպես էլ հիմա երկրի համար անհնար իրավիճակ չկա». Վ. Մարտիրոսյան

172
Շաբաթ, 10 հունիսի, 2023 թ., 00:36
«Ինչպես պատերազմն էր հնարավոր հաղթել, այնպես էլ հիմա երկրի համար անհնար իրավիճակ չկա». Վ. Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինական պատերազմում կողմերի համառությունը և վճռականությունն ուղղակի նախանձելի է։
44-օրյա պատերազմում զորաշարժի ժամանակ թշնամին, երբ մեկ ուրալ էր խոցում, միանգամից հայտարարում էին, թե բա՝ զորամիավորումը կորցրեց մարտունակությունը ու հետ էին դարձնում տուն։ Այս պատճառաբանությամբ տասնյակ գումարտակներ այդպես էլ չմասնակցեցին պատերազմին։ Իսկ թշնամին իր մի քանի տասնյակ տեսանյութերով մինչև հիմա վախ է մտցրել մեր մեջ։
Երբ քաղաքական գործիչներն են հայտարարում, թե ինչու պատերազմը շուտ չկանգնեցրեցիք, ապա իրենց կարելի է հասկանալ։ Բայց երբ նույն բանը իրեն զինվորական համարողն է ասում, ապա դա արդեն լրիվ այլ երևույթ է։
Հարավային ճակատում տեղի ունեցած մի դեպք պատմեմ։
Հերթական նահանջի ճանապարհին Տիգրան Մարտիրոսյանը նկատում է ռազմաճակատը կառավարող, բայց զորքի երեսը չտեսած գեներալակույտին։ Մոտենում է նրանց և սկսվում է այսպիսի զրույց՝
- Ինչի՞ ենք նահանջում:
- Գներալներից մեկը՝ ես չգիտեմ, ես նահանջի հրաման չեմ տվել:
- Բա ինչի՞ ենք նահանջում:
- Գեներալը՝ եսիմ:
- Դու գեներալ ես, թե՞ եսիմ ինչ, մի հատ քեզ հավաքի ու իրավիճակը ձեռքդ վերցրա։ Թուրքը դեռ մեր դիրքերում չի, եթե զորքը հետ դառնա, ապա հույս կա։
- Զինվոր, դուք հիմա սաբոտաժ եք անում։
Մնացածը չպատմեմ, ուղղակի վերջում ռազմական ոստիկանությունը Տիգրանին բռնում բերում է Սիսիան։
Տիգրանն ասում էր՝ տվեք ինձ ցանկացած դիրքի հրամանատար և ես ձեզ երաշխավորում եմ՝ թուրքը այդտեղից չի անցնի։ Ու Տիգրանի նման տղերքը շատ էին։ Եթե պատերազմի ժամանակ 50 նման տղու նշանակեին մոբի ու կամավորների վաշտերի հրամանատարներ, ապա 50 վաշտը եղած կանոնավոր բանակի հետ լրիվ բավարար էր ոչ միայն թշնամուն կանգնեցնելու, այլ նաև առաջ գնալու համար։
Իսկ այդ օրերին Երևանում տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստի ժամանակ գլխավոր հրամանատարը, ՊՆ նախարարը, ԳՇ պետը ու մնացած գեներալները միակարծիք էին, որ մենք արդեն պարտվել ենք և այլևս իրավիճակ փոխելու ռեսուրս չունենք։
Կլինեն մարդիկ, կասեն 50 վաշտերի պլանը անհնար էր։ Թաղավարդում մարտի դաշտում վիրավոր ենք ունենում անօգնական ընկած։ Բոլորը ասում են, թե այդ տեղանք մտնելը անհնար է։ Բայց Տիգրանը միայնակ մտնում ու շալակած դուրս է բերում մեր վիրավորին։
«Անհնար» բառը հնարել են ջիղ չունեցող, վախկոտ ու կրիտիկական մտածելակերպից զուրկ մարդիկ։ Ինչպես պատերազմն էր լրիվ հնարավոր հաղթել, այնպես էլ հիմա երկրի համար ոչ մի անհնար իրավիճակ չկա։ Առաջինը հենց այդ «անհնրարներին» է պետք հեռացնել։
Ինչպես Ցիցերոնն էր ասում՝ Удача Сопутствует Храбрым»: