Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.

«Հայաստանի վարչապետը չգիտի, թե ՀԱՊԿ-ը կոնկրետ ինչ ռազմատեխնիկական օգնություն է պատրաստ եղել տրամադրել». Լևոն Զուրաբյան

245
Ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ., 10:18
«Հայաստանի վարչապետը չգիտի, թե ՀԱՊԿ-ը կոնկրետ ինչ ռազմատեխնիկական օգնություն է պատրաստ եղել տրամադրել». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԴԱՏՈՂՈՒԹՅԱՆ ԵՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Երեկ, դեկտեմբերի 7-ին, Ազգային Ժողովի հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վերջապես պատասխանել է նոյեմբերի 25-ին իմ ֆեյսբուքյան ստատուսի մեջ տեղ գտած մեղադրանքին առ այն, որ բացառապես քաղաքական գնահատականի բացակայության պատճառով Հայաստանին ՀԱՊԿ֊ի կողմից տրամադրվող ռազմական օգնության մերժումը հարվածել է մեր ազգային անվտանգության շահերին (մանրամասները տես այդ ստատուսի մեջ)։
Ստորև ներկայացնում եմ Փաշինյանի պատասխանը ամբողջությամբ (կարդալը դժվար է, բայց պարտադիր, քանի որ ասողը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը և իր ձեռքում պահում Հայաստանի ճակատագիրը), որից կարելի է բավականին հետաքրքիր եզրակացությունների հանգել։
xxx
«Մենք ակնկալում էինք, որ [ՀԱՊԿ֊ում] գնահատական տրվի, թե ինչ է եղել։ Հիմա էս կոնտեքստում շեշտվում ա, որ մեզ օգնության առաջարկ ա եղել, և մենք հրաժարվել ենք ինչ֊որ օգնությունից։ Սա շատ կարևոր ա պարզաբանել, որովհետև էնտեղ կա մի տող. «Ցուցաբերել օգնություն, այդ թվում ռազմատեխնիկական, Հայաստանի Հանրապետությանը»։ Նախ, պարզ չի, թե էդ ինչ օգնություն ա կոնկրետ առաջարկվում, երկրորդը՝ էդ օգնության ընդունումը առանց հստակ գնահատականների կնշանակի անուղղակի (և նույնիսկ ուղղակի) ընդունումը էս ստատուս֊քվո֊ի, որ հաստատված ա մեր սահմաններում։ Առանց հստակ գնահատականի ընդունել մոնիտորինգի առաքելություն ՀԱՊԿ֊ից այդ տարածքում կնշանակի ինչ֊որ կերպ, ոչ թե ինչ֊որ կերպ, այլ ուղղակի՝ ֆիքսել և համակերպվել ստատուս֊քվո֊ի հետ։ Ես ուզում եմ, որպեսզի տարբերությունը պարզ լինի: Օրինակ, Պրահայում ի՞նչ տեղի ունեցավ։ Պրահայում տեղի ունեցավ, որ կողմերը հստակ արձանագրում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա֊Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա, որից հետո հնարավոր եղավ դիտորդական առաքելության գործուղումը Հայաստանի Հանրապետություն։ Որովհետեւ, եթե չենք տալիս մենք դիտորդին հստակ ուղղորդում, թե որտեղ ա սահմանն ացնում ենթադրվող, ինքը գալիս ա ի՞նչը դիտարկի։ Այսինքն, Եվրամիության դիտորդները էսօր գիտեն, որ կողմերը իրենք ասել են, որ Ալմա֊Աթայի հռչակագրով ընդունված սահմանները մեր, ըստ էության, պետական սահմաններն են, եւ նրանք գիտեն, թե ինչի հետ են հարաբերվում։ Եթե, օրինակ ՀԱՊԿ֊ի կամ կամ որևէ այլ ձևաչափով սա չի ֆիքսվում, մոնիտորինգի միսիան գալիս ա ի՞նչը մոնիտորինգ անի, գալիս ա ընդամնեը դիտի եւ արձանագրի, ինչ ա տեղի ունեցել։ Իսկ էն, ինչ որ տեղի ա ունեցել, էնքան էլ պարզ չի, թե ինչ ա տեղի ունեցել, որովհետև պարզ չի, թե որտեղով ա անցնում սահմանը, և հետևաբար պարզ չի, թե որտեղ ա հավաքական անվտանգության պայմանագրի գոտին։ Հիմա, էս ամեն ինչով, առդյո՞ք, անվտանգության մարտահրավերները քչացել են Հայաստանի Հանրապետության շուրջ։ Ոչ, չեն քչացել։ Արդյո՞ք ավելացել են։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելացել են, բայց մեր գնահատականն այն ա, որ էս փաստաթղթերը եղած ձևով ընդունելու պարագայում դրանք չէին նվազելու և, ընդհակառակը, առանց որևէ ազդեցության շարունակելու էին աճել, և շատ կարևոր է այս նրբությունները արձանագրել, որովհետև շատ դեպքերում քննարկուներ են տեղի ունենում և շահարկումներ են տեղի ունենում, և ես կարևոր համարեցի այս նրբությունները պարզաբանել»։
xxx
ՊԱՐԶՎՈՒՄ Է.
1. ՀԱՊԿ֊ում նախագահող Հայաստանի վարչապետը չգիտի, թե ՀԱՊԿ-ը կոնկրետ ինչ ռազմատեխնիկական օգնություն է պատրաստ եղել տրամադրել Հայաստանին, հարկ չի համարել այդ հարցում ստանալ սպառիչ տեղեկություններ և արտացոլել դրանք որոշման նախագծում, հանդես չի եկել այդ կապակցությամբ Հայաստանի կողմից մշակված սեփական առաջարկություններով, փաստորեն, մերժել է եղած առաջարկները առանց դրանց բովանդակությունը իմանալու։
2. Վարչապետը հասարակ մահկանացուներիս համար մի աներևակայելի հանճարեղ փաստարկ է գործածում, թե իբր առանց քաղաքական գնահատականի ընդունման Հայաստանի կողմից օգնության մասին հայտարարության ստորագրումը կնշանակեր՝ ուղղակի կամ անուղղակի ընդունել «մեր սահմաններում հաստատված ստատուս֊քվոն»։ Որպես այդ մտքի «հիմնավորում» նա մատնանշում է Եվրոպական Միության դիտորդական առաքելության «գործուղումը», որն, իր կարծիքով, հնարավոր դարձավ, քանի որ Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը հստակ արձանագրել են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա֊Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա, ինչը, ըստ վարչապետի, «հստակ ուղղորդում» է տալիս դիտորդին։ Պարզ չի դառնում սակայն, թե ինչու տարածքային ամբողջականության հարգման շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը չի կարող նույնքան «հստակ ուղղորդում» ծառայել ՀԱՊԿ֊ի դիտորդների համար, որոնք պարտավոր են հարգել երկու հակամարտող պետությունների համատեղ դիրքորոշումը։
3. Իրականում Նիկոլ Փաշինյանը ընդամենը փորձում է թաքցնել մեր հանրությունից այն փաստը, որ սահմաններում ստեղծված ստատուս֊քվոյի հետ համակերպվելու և ֆիքսելու գլխավոր եւ միակ նշանակալից քայլը արել է ոչ այլ ոք, քան ինքը Հայաստանի վարչապետը՝ ստորագրելով հոկտեմբերի 31-ին Սոչիում համաձայնություն, որում, սեպտեմբերյան դեպքերից ընդամենը մի քանի շաբաթ հետո, միջազգային պարտավորություն է ստանձնել վերապահ մնալու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից՝ որևէ անհամաձայնություն լուծելու նպատակով։ Փաշինյանը Հայաստանի անունից, փաստորեն, հրաժարվել է Ադրբեջանի օկուպանտներին մեր միջազգայնորեն ճանաչված տարածքից բանակի ուժով դուրս մղելու թեկուզ եւ տեսական իրավունքից։ Հետաքրքիր է, իր մտքով չի՞ անցել, որ դրանով, ըստ էության համակերպվում է ստեղծված ստատուս քվոյի հետ և ինչ֊որ իմաստով լեգիտիմացնում այն որպես դե֊ֆակտո իրողություն։
4. Փաշինյանը ընդունում է, որ ՀԱՊԿ֊ին մերժելու իր ընդունված որոշման հետեւանքով Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգության մարտահրավերները ոչ միայն չեն քչացել, այլ «հնարավոր է՝ նույնիսկ ավելացել են», բայց պնդում է, որ նա միեւնույն է գնացել է այդ քայլին, քանի որ հայտարարության ընդունումը, միեւնույն է, «ազդեցություն» չէր ունենա «աճող» մարտահրավերների վրա։ Փաշինյանը միգուցե ինքն էլ անգամ չի նկատում, որ իր իսկ խոստովանությամբ եւ գնահատականով, իրավիճակն էլ ավելի ծանրացնող եւ իրավիճակի վրա որեւէ ազդեցություն չթողնող երկու ընտրանքների միջեւ ընտրել է Հայաստանի անվտանգությանն առավել վնասող տարբերակը։
Խնդիրն, իհարկե, ՀԱՊԿ֊ի նիստի հետ կապված այս կոնկրետ դեպքը չէ, այլ մասնավոր այս օրինակով Նիկոլ Փաշինյանի տրամաբանության եւ դատողության այս ստատուսում վեր հանված արատները, որոնք արդեն չորս տարի է ինչ կախված են մեր գլխին որպես ազգային անվտանգության սպառնալիք աղետալի արդյունքներով։
Հատուկ հաստաճակատների համար պարզաբանեմ, որ ՀԱՊԿ֊ի մեր դաշնակից պետությունների արձագանքը չեմ համարում պատշաճ դաշնակցային, ավելին՝ այն համարում պախարակելի, բայց այդ վիճակի վերլուծությունը և հաղթահարման ուղիները, ինչպես նաև անվտանգության այլընտրանքային լուծումների փնտրտուքը լրիվ այլ թեմա է, որին միգուցե հետագայում նույնպես պետք լինի անդրադառնալ»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան