Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Պրահայում Կոնևի արձանի տեղում կանգնեցվել է Պուտինի հուշարձանը՝ գազի փականը պտտող օրկի տեսքով

1583
Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ., 23:36
Պրահայում Կոնևի արձանի տեղում կանգնեցվել է Պուտինի հուշարձանը՝ գազի փականը պտտող օրկի տեսքով

Պրահայում մարշալ Կոնևի արձանի փոխարեն կանգնեցվել է Պուտինի հուշարձանը՝ գազի փականը պտտող օրկի տեսքով, հայտնում է Ceske Noviny-ն։

Ինստալյացիան տեղադրվել է Չեխիայի մայրաքաղաքի ամենամեծ վարչական շրջանում՝ Պրահա 6-ում։ Աշխատանքն ստեղծվել է դարբին արվեստագետների միջազգային հանդիպման շրջանակներում, որը նախաձեռնել է «Նվեր Պուտինին» հարթակը։ Դրա հեղինակը՝ չեխ քանդակագործ Դուշան Դոստալը, պատմել է, որ քանդակի պատրաստման համար իրենից պահանջվել է երկու շաբաթ և 130 կգ մետաղ։ Հուշարձանը մետաղյա օրկ է, որի աջ ձեռքը նացիստական ​​ողջույնի նշան է բարձրացրել: Այս քանդակը, ըստ «Նվեր Պուտինին» հարթակի ներկայացուցիչների մտահղացման, խորհրդանշում է Ռուսաստանի դիրքորոշումը, որը ներխուժել է Ուկրաինա և օգտագործում է բնական ռեսուրսները, այդ թվում՝ գազը՝ իր աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու համար։

Պրահայում Կոնևի արձանի տեղում կանգնեցվել է Պուտինի հուշարձանը՝ գազի փականը պտտող օրկի տեսքով
Պրահայում Կոնևի արձանի տեղում կանգնեցվել է Պուտինի հուշարձանը՝ գազի փականը պտտող օրկի տեսքով

«Մենք որոշեցինք արձան կանգնեցնել, քանի որ անհրաժեշտ ենք համարում և՛ տեղից շարժել Չեխիայի հասարակությանը, և՛ ազդանշան ուղարկել Ուկրաինային և Ռուսաստանին, որ չեխերը մտահոգ են, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Արձանը նախատեսված չէ դուր գալու համար. կոչված է սադրելու, որպեսզի մենք բոլորս հասկանանք, որ մեզ շրջապատող աշխարհը շատ փխրուն է, որ մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու կան զինվորներ, որոնք սպանում են կանանց ու երեխաներին և քանդում տները»,- ասել է հարթակի մասնակիցներից մեկը՝ գործարար և բարերար Դալիբոր Դեդեկը:

Պլատֆորմի մեկ այլ ներկայացուցիչ Մարտին Օդրաչեկի խոսքով՝ Չեխիայի մայրաքաղաքի իշխանությունների հետ համաձայնեցվել է, որ նոր ինստալացիան այս վայրում կմնա մինչև 2023 թվականի հունվարի սկիզբը։ Դրանից հետո դրա հեղինակը՝ Դուշան Դոստալը, մտադիր է աճուրդով վաճառել քանդակը, իսկ հասույթն ուղարկել Ուկրաինային օգնելու համար։

Քանդակը տեղադրված է հենց այն վայրում, որտեղ մինչև 2020 թվականի ապրիլը կանգնած էր ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնևի արձանը։ Ապամոնտաժումից հետո մարշալի հուշարձանը տեղափոխվեց թանգարան, իսկ դրա տեղում հետագայում սկսեցին անցկացնել միջոցառումներ՝ կապված Չեխիայի և ԽՍՀՄ պատմական անցյալի հետ։

Կոնևի արձանի ապամոնտաժումը
Կոնևի արձանի ապամոնտաժումը

Կոնևի արձանի ապամոնտաժումը սկանդալ էր առաջացրել. Պրահայում Ռուսաստանի դեսպանատունը Պրահայի իշխանությունների արարքն անվանել էր «վանդալիզմ» և «ոչ բարեկամական քայլ»։ Իսկ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել հուշարձանը քանդելու դեպքի առթիվ՝ Ռուսաստանի ռազմական փառքի խորհրդանիշները հրապարակային պղծելու հոդվածով։

Պրահայի իշխանությունները դեռ 2019 թվականի աշնանը որոշել էին քանդել խորհրդային մարշալի հուշարձանը, ով մասնակցել է նացիստներից Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Միևնույն ժամանակ, որոշ բնակիչներ դեմ էին քանդմանը՝ նշելով Կոնևի արժանիքները Չեխոսլովակիայի ազատագրման գործում, իսկ քանդման կողմնակիցները մեղադրում էին մարշալին 1968 թվականին խորհրդային զորքերի կողմից Պրահա ներխուժելու գործողություն նախապատրաստելու մեջ: Արդյունքում որոշվեց հուշարձանը տեղափոխել թանգարան։