Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ռուսները պատրաստ են որոշակի զիջումների գնալ Լաչինի միջանցքի հարցում». Տաթև Հայրապետյան

505
Հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ., 22:18
«Ռուսները պատրաստ են որոշակի զիջումների գնալ Լաչինի միջանցքի հարցում». Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը թելագրամյան իր էջում գրել է․ «Ցանկանում եմ փոքր ինչ մանրամասն անդրադառնալ այսօր Լավրովի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած պատասխաններին: Ակնհայտ է, որ ռուսական կողմը կրկին փորձում է ամեն ինչ բարդել և սլաքներն ուղղել ՀՀ իշխանությունների վրա: Այն, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը սխալ, վտանգավոր, ոչ հետևողական ու նույնիսկ հակատրամաբանական քաղաքականություն են վարել Արցախի հարցում, դա պարզ ճշմարտություն է: Դրա մասին ինքս եմ փաստերով խոսել, թե ինչպես են նրանք հրաժարվել թե՛ իրենց նախընտրական ծրագրից, թե՛ կառավարության ծրագրից, թե՛ իրենց իսկ հայտարարություններից: Բայց ռուսական կողմի խնդիրն այն չէ, որ Փաշինյանը հրաժարվել է իր իսկ նախընտրական ծրագրից: Լավրովի նպատակն այն է, որ հետագա վտանգավոր զարգացումների մեղավոր դիտվի ՀՀ իշխանությունը, քանի որ ՌԴ–ն չի կարողանում զսպել Բաքվին: Փաշինյանը վերջին շրջանում շարունակ հայտարարում է, որ պատրաստ է ընդունել ռուսական առաջարկները, որոնց վերաբերյալ հրապարակային ելույթներից դատելով՝ կարող ենք հասկանալ՝ դրանք ենթադրում են Արցախի կարգավիճակի հարցի հետաձգում ու խաղաղապահների մանդատի երկարաձգում: Փաստացի, Մոսվկան չի կարողանում պարտադրել Բաքվին գնալ այդ առաջարկների հաստատմանը: Ընդհակառակը, Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանը միայն ավելի ագրեսիվ է դարձել՝ թիրախավորելով ոչ միայն ՀՀ–ն, այլ հենց Լաչինի միջանցքը: Լավրովի ասածներից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ռուսները պատրաստ են որոշակի զիջումների գնալ Լաչինի միջանցքի հարցում՝ ադրբեջանցիներին հաճոյանալու համար, մինչդեռ ցանկացած զիջում հայկական կողմի համար աղետալի կարող է լինել, քանի որ այդ միջանցքը կենսական է ՀՀ–Արցախ կապն ապահովելու համար: Ուշագրավն այն է, որ Լավրովի այսօրվա ասածները նաև տրամաբանական հակասության մեջ են մտնում վերջին օրերին խաղաղապահների ներկայացրած հաղորդագրությունների հետ, որոնց համաձայն՝ Ադրբեջանը շարունակ խախտում է հրադադարը: Էլ չեմ խոսում տեղանունների չդադարող պայքարի մասին: Եվս մեկ հանգամանք, եթե Լավրովը պնդում է, թե իբրև Ադրբեջանը պատրաստ է ապահովել Արցախի հայերի իրավունքները, ապա հարց է առաջանում՝ ի՞նչու է ռուսական կողմը պնդում, որ խաղաղապահների մանդատը պետք է երկարաձգվի: Չէ՞ որ խաղաղապահների առաքելության գլխավոր իմաստը Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ապահովումն է, կարճ ասած՝ թույլ չտալ էթնիկ զտում Ադրբեջանի կողմից: Հիմա եթե պարոն Լավրովը այդքան «վստահում է» Ադրբեջանի խոստումներին, ապա էլ ինչի՞ հիման վրա է Պուտինը պնդում, որ խաղաղապահները պետք է մնան Արցախում: Փաստացի, մեկ այլ հակասական և վտանգավոր իրավիճակ էլ ռուսական կողմն է ստեղծում Արցախի հարցում: Եվ այս ամենն արվում է դեկտեմբերի 5–ին նախատեսված Լավրով–Բայրամով հանդիպման նախօրեին:
Եվ վերջում, ուշագրավ է, որ ռուսական կողմը միշտ մեղադրում է Արևմուտքին հետխորհրդային երկրներում հակառուսական տրամադրություններ տարածելու համար: Այն, որ Արևմուտքը մեծ գումարներ է ծախսում այդ ուղղությամբ, ակնհայտ է, բայց նաև մի աներկբա ճշմարտություն կա՝ հենց նույն Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածման թիվ մեկ աղբյուրը ռուսական կողմի կրավորական, պրոադրբեջանական պահվածքն է: Ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է, որ Լավրովը իրեն պահում է որպես ադրբեջանական շահերի ներկայացուցիչ, դրանից էլ լավ միջո՞ց հակառուսական տրամադրությունների նոր ալիք գեներացնելու համար: Այնպես որ, ուրիշներին մեղադրելուց առաջ, թող նախ տեսնեն իրենց իսկ հայտարարությունների հետևանքով ստեղծված խնդիրները:
Իսկ մեզ մնում է ճիշտ հասկանալ իրավիճակը, և եթե ռուսները հետ են կանգնելու Արցախի հարցում իրենց ստանձնած պարտավորություններից, ապա պետք է փնտրել այլընտրանքներ, որովհետև մենք չենք կարող անգործ նստել ու տեսնել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Խոսքը մեր հայրենակիցների անվտանգության, ապահովության և Արցախի հայկականության պահպանման մասին է: Այստեղ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարների ու ունենանք հնարավոր լուծումներ՝ վտանգավոր զարգացումները կանխելու համար»: