Երևան`   -4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 հունվարի, 2023 թ.

«Շենգավիթ» ԲԿ-ն՝ ծննդկանի մահվան մասին

2069
Երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ., 17:42
«Շենգավիթ» ԲԿ-ն՝ ծննդկանի մահվան մասին

«Շենգավիթ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում. ««Շենգավիթ» բժշկական կենտրոնն իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Դեպքի կապակցությամբ ներկայացնում ենք մեր պաշտոնական հայտարարությունը:
Ս․թ․ 21.11.2022 ծննդկան, 33-ամյա Կ․ Մ-ն հղիության 39-40 շաբաթական ժամկետում ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ:
Ընդունման պահին կատարվել են չափորոշիչներով նախատեսված բոլոր անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր հետազոտությունները:
Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով:
Ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն:
Կատարվել են ըստ չափորոշիչների նախատեսված դեղորայքային, գործիքային, ձեռքային բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն անարդյունավետ:
Ծնարան է հրավիրվել մանկաբարձական ծառայության ղեկավարը:
Որոշում է կայացվել ծննդկանին շտապ տեղափոխել վիրահատարան:
Հաշվի առնելով կնոջ տարիքը սկզբում կապվել են զստային զարկերակները՝ արգանդը պահպանելու նպատակով: Սակայն շարունակվող արյունահոսության պատճառով վիրահատությունն ավարտվել է արգանդի և հավելումների հեռացումով (էքստիրպացիա)՝ կնոջ կյանքը փրկելու նպատակով:
Վիրահատության ընթացքում շարունակվել են կյանքի կենսական ցուցանիշների ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Իրականացվել են ներվիրահատական արյան բաղադրիչների փոխներարկում:
Վիրահատության ժամանակ արձանագրվել է սրտի կանգ , որը արագ վերականգնվել է սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում՝ սիրտ-անոթային բժիշկների կողմից:
Այնուհետև կինը տեղափոխվել է Ինտեսնիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շուրջ 6 ժամ շարունակ իրականացվել է ինտենսիվ բուժում, որի ընթացքում արձանագրվել է ևս 3 անգամ սրտի կանգ:
Իրականացված անհրաժեշտ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը կրկին վերականգնվել է:
Վերջին անգամ սրտի կանգ է արձանագրվել ժամը 18:35 ժամանակահատվածում:
Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել:
Ժամը 19:45-ին գրանցվել է կնոջ կենսաբանական մահը:
Եվս մեկ անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին»:

Աղբյուրը`   «Շենգավիթ» ԲԿ