Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայաստանում նկատվում է աղիքային վարակներով հիվանդացության բարձրացում

2299
Չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2022 թ., 11:06
Հայաստանում նկատվում է աղիքային վարակներով հիվանդացության բարձրացում

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք շրջանում ակտիվանում են․ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։
«Հայաստանում ներկայումս աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առկա է տարվա տաք շրջանին բնորոշ հիվանդացության բարձրացում: Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների սննդային գործոնով պայմանավորված 3 բռնկում, բոլոր դեպքերում բռնկումներն առաջացել են սննդամթերքի պատրաստաման, պահպանման կանոնների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտումների պատճառով: Ջրային գործոնով պայմանավորված բռնկումներ չեն արձանագրվել: Մշտապես իրականացվում է խմելու ջրի նմուշառում՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Հունիս-օգոստոս ամիսներին Երևան քաղաքում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։
Միաժամանակ, 2022 թվականի հունիս-օգոստոս ժամանակահատվածում նկատվում է հիվանդացության նվազում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Հարկ է նշել, որ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների բազմացման և տարածման համար:
Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: Աղիքային վարակների հարուցիչները մշտապես առկա են շրջակա միջավայրում, լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների և սննդային թունավորումների առաջացման պատճառ:
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններն են՝ լուծ, թուլություն, սրտխառնոց, փսխում, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ, սննդային թունավորումների դեպքում կարող է լինել նաև գիտակցության մթագնում և կորուստ:
Նշված ախտանշանների դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել հակաբիոտիկներ անհարկի օգտագործելուց: Միաժամանակ պետք է նշել, որ աղիքային վարակներով հիվանդների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխելու վարակի տարածումը և բռնկումների առաջացումը»,- նշված է հաղորդագրության մեջ: