Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Արցախում ևս դիտվում է սուր շնչառական վարակների ակտիվացում

1041
Երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ., 17:36
Արցախում ևս դիտվում է սուր շնչառական վարակների ակտիվացում

Վերջին օրերի ընթացքում, իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, Արցախի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում: Օրական կանչերի թիվը կազմում է 50-60 կանչ։
Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 80%-ը, մինչև 18 տարեկան երեխաներ են: Ներկա պահին ստացիոնար բուժում են ստանում 38 երեխա: Ինչ վերաբերում է հանրապետությունում շրջանառող գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ ստացիոնար և ամբուլատոր հիվանդներից իրականացվել է 10 նմուշի լաբորատոր հետազոտություն ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ում վիրուսաբանական լաբորատորիայում, որի արդյունքում 7 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպ Ա H3N2 ենթատեսակը:
Կլինիկական ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանացավ, թուլություն, կոշտ հազ: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.
* խուսափե՛ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
* եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
* եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
* մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
* հագնվե՛ք եղանակին համահունչ,
* պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,
* օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,
* հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները,
* հետևե՛ք անձնական հիգիենային։
Հետագա բարդություններից (բրոնխիտ, թոքաբորբ) խուսափելու համար, ժամանակին դիմեք բժշկի:

Աղբյուրը`   ԱՀ ԱՆ