Այդ հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում. ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու քննարկումների մասին
![]() Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա։ Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետությանը ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին։ - Վերջին շրջանում սկսել է քննարկվել Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Ինչպե՞ս կմեկաբանեք դա։ - «Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածով: Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով: Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա»: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ դիտորդ երկիր ԵԱՏՄ-ում։ Դեկտեմբերի 15-ի ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրական էր գնահատել Նուրսուլթան Նազարբաևի առաջարկը՝ ասելով, որ Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։ Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Այս պահի դրությամբ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան։ Եվս 5 պետության՝ Չինաստանի, Իրանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ ստորագրվել են տարբեր խորության առևտրային համաձայնագրեր: Եվրասիական տնտեսական միությունը ձևավորվել է Մաքսային միության հիմքի վրա՝ 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում ստորագրված պայմանագրով: «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից: Հայաստանը անդամակցում է ԵԱՏՄ-ին 2015 թ. Հունվարի 2-ից։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
17420.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
16520.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
18217.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16017.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
20116.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19816.11.2026, 16:54
