Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իջևանի գինու գործարանն արտադրական թափոնները լցնում է Աղստև գետը». Ոսկան Սարգսյան

2447
Երեքշաբթի, 02 նոյեմբերի, 2021 թ., 10:13
«Իջևանի գինու գործարանն արտադրական թափոնները լցնում է Աղստև գետը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը լուսանկարներ, տեսանյութ է հրապարակել, որ Աղստևի ձախ ափին գործող Իջևանի գինու գործարանն արտադրական թափոնները՝ թթվուտները լցնում է գետը։ Թթվուտների գետը լցվելու տեղում Աղստևի գույնը փոխվում է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը անտեսում է բնապահպանական բացահայտ այդ խախտումը։ Մ․ Սայադյանը հայտնեց, որ երեքուկես տարի առաջ Իջևանի քաղաքապետարանի և տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ Աղստև գետի հաշվին մեծացել է Իջևանի գլխավոր հատակագծի մակերեսը։ Այդ տարածքը այնուհետև տրվել է Իջևանի գինու գործարանին, որն առանց շինթույլտվության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) գետի տարածքում կատարել է շինաշխատանքներ։ Մ․ Սայադյանը շուրջ մեկ տարի Շրջակա միջավայրի նախարարությանը և այդ նախարարության կազմի մեջ գործող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի իրար փոխած տնօրեններին ահազանգել է, որ այդ շինարարությունը մեծ վնասներ է բերելու դենդրոպարկին։ Այդ ահազանգերից հետո Իջևան են ժամանել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները, ովքեր նկարել, արձանագրել են Իջևանի գինու գործարանի կատարած շինարարության հետևանքով Իջևանի դենդրոպարկի և Աղստև գետի կրած վնասները՝ գետի ավերված հունը (700-800 մետր երկարությամբ), գործարանի սարքած կառույցները, շինարարության հետևանքով գետափին վերացած ժայռը (1870 խմ ծավալով), դենդրոպարկից կորսված-քշված կես հեկտար հողը (մի քանի հազար խմ ծավալով), դենդրոպարկի չորացած ծառերը, ավերված ջրառը, սակայն նրանք անտեսել են Աղստևի կենդանական աշխարհին պատճառված վնասը։ Այդ խախտումների համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը Իջևանի գինու գործարանին տուգանել է 216 հազար դրամի և 350 հազար դրամի չափով՝ գետի հունում կատարված շինարարության համար։ Նույն բաժինը դենդրոպարկից վարձակալությամբ տարածք վերցրած և այն մշակող Մ․ Սայադյանի ընտանիքին պատկանող ընկերությանը՝ գետից ոռոգման նպատակով ջրուղի բացելու և տաղավարներ տեղադրելու համար, տուգանել է 450 հազար դրամով։ Մ․ Սայադյանն ասաց, որ իրենց նկատմամբ վարչական ակտ կազմելիս տեսչական մարմինը հղում է արել բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի կետին, մինչդեռ դենդրոպարկերը և բուսաբանական այգիները արհեստածին են, բնության հատուկ պահպանվող տարածքներ չեն։ Մ․ Սայադյանի ընտանիքին պատկանող «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ ներկայացուցիչը վարչական բողոք է ներկայացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Դավիթ Խառատյանի 2021թ․ օգոստոսի 16-ի «Վարչական տույժ նշանակելու» որոշման դեմ։ Հոկտեմբերի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը քննելով այդ վարչական բողոքը՝ որոշել է բողոքը չբավարարել, վարչական տույժ նշանակելու որոշումը թողնել անփոփոխ»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան