Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանի գործով ձերբակալվել են Նոր Նորքի բաժնի պետը և օպերլիազորներ

326
Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ., 13:35
Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանի գործով ձերբակալվել են Նոր Նորքի բաժնի պետը և օպերլիազորներ

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում 25.09.2020-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, այն է՝ խմբով երկու անձի խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ: Նույն օրը ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ-ի և Գ. Մ-ի հետ Վ. Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը՝ Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Վ. Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ա. Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով:

Նկարագրված դեպքից հետո Նոր Նորքի բաժնի պետն անհարկի միջամտել է Ա. Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: