Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 12 հուլիսի, 2020 թ.

«Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա». ՄԻՊ

248
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 22:20
«Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա». ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը համարում է առանցքային ձեռքբերում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությամբ ու ատելությամբ կատարվող հանցանքների կանխման գործում։ Այն նաև կարևոր է համաեվրոպական մակարդակում մարդու իրավունքների համակարգի ամրապնդման տեսանկյունից։ «Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, արտոնությունների տրամադրումը, պետական ամենաբարձր մակարդակով քաջալերումը, Ադրբեջանի ողջ հասարակության շրջանակում հերոսացումը եղել են էթնիկ դրդապատճառներով (ethically motivated)։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դրա մասին են վկայել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ արտահայտել են իրենց աջակցությունը արարքի կատարման հարցում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձին արձանագրել է ու հաշվի առել Ադրբեջանի օմբուդսմանի՝ Էլմիրա Սուլեյմանովայի խոսքերն այն մասին, որ «Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար»։ Իսկ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց անմիջապես հետո Ադրբեջանի օմբուդսմանը հայտարարել էր, որ «Սա նախագահ Իլհամ Ալիևի մարդասիրության և Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հոգատարության հերթական ապացույցն է»։ Եվրոպական դատարանը վճռով դատապարտելի է համարել էթնիկական ատելությամբ պայմանավորված սպանություն կատարած անձի ազատ արձակումը և հերոսացումը, որը անպատժելիության մթնոլորտի ձևավորման վտանգավոր խթան է։ Ընդ որում, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատ արձակման հարցում ժամանակին մտահոգություն էին հայտնել նաև միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI), ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն։