Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին

5
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 23:38
Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին

ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը 168 TV-ի եթերում ասել է, որ 2019թ. նոր իշխանության գործունեության ընթացքում տնտեսության մեջ տեղի են ունեցել մի շարք դրական իրադարձություններ. «Հեղափոխությունից հետո տնտեսության կարևորագույն գործոններից մեկը օրենքի գերակայությունն է: Այսինքն՝ եթե մինչ այդ օրենքը մասնակի էր կիրառվում, տնտեսության մեջ կային մասնակիցներ, ովքեր արտոնյալներ էին, կամ խոչընդոտներ, մասնավորապես՝ լուրջ խնդիրներ ունեինք մրցակցային դաշտում, մենաշնորհների հետ, ապա հեղափոխությունից ի վեր տնտեսության բոլոր մասնակիցները լիովին ազատ են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ հասարակությունն այժմ ավելի լավ է ապրում, քան մինչև հեղափոխությունը:

Հարցին՝ եթե հասարակությունը հիմա ավելի լավ է ապրում, քան նախկինում, ինչո՞ւ են մարդիկ շարունակում կառավարության դիմաց տարբեր հարցերի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտել, Առաքելյանը պատասխանել է. «Այն, որ այս պահին դեռևս պահպանված են խնդիրներ, իհարկե, այդպես է: Կառավարությունը հանձն չէր առել, որ մեկ տարվա ընթացքում ծառացած բոլոր խնդիրները լուծի: Խնդիրների զգալի մասը ձևավորվել է տասնամյակների ընթացքում, և հետևաբար՝ դրանք բազմազան են: Խնդիրների մի մասի ուղղությամբ ակնհայտ աշխատանքներ են տարվում, որևէ բարդույթ չկա, հենց կառավարության առաքելությունը հասարակության բարեկեցությունն է: Այո, կարող են լինել խնդիրներ, որոնց մասին քաղաքացիների բարձրաձայնելու ժամանակ մենք իմանանք, և դա դառնա քննարկման և լուծման առարկա»:

Անդրադառնալով գազի գնի հնարավոր բարձրացմանը՝ վարչապետի խորհրդականն ասել է. «Սահմանին գազի գնի բարձրացմամբ ասել, թե սպառողների համար բարձրանալու է գազի գինը, դեռևս ակնհայտ չէ, որովհետև ՀԾԿՀ-ն արդեն քննում է «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը, որտեղ սահմանին ստացվող գազը կոմպոնենտներից մեկն է: Այդ ոլորտում ուսումնասիրությունները հնարավորություն կտան այդ ռիսկը հնարավորինս նվազեցնել: ՀԾԿՀ-ն հնարավորություն ունի այդ հարցը լիարժեք քննել, և որոշումը միանշանակ արդար կլինի»:

Եթերի ընթացքում Առաքելյանը նշել է, որ հանձնաժողովը հաշվարկներից հետո կներկայացնի պատկերը, և չի բացառել, որ հնարավոր է, նաև հնարավոր փոփոխությունից կախված, ունենալ սուբսիդավորման ուղղությամբ որոշակի քննարկումներ. «Հնարավոր է՝ որևէ փոփոխություն չկրի սահմանի վրա գազի գնի բարձրացումը սպառողի համար»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վարչապետի խորհրդականը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին