Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

«Ոստիկանությունը պարտավոր է խափանել այսօրինակ այլանդակությունները». Լևոն Բարսեղյան

309
Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ., 10:05
«Ոստիկանությունը պարտավոր է խափանել այսօրինակ այլանդակությունները». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը հրատապ անելիք ունի մաքսատան հերթը կարգավորելու համար. այսօր Գյումրու մաքսատան ավտոհերթը երևի ամենաերկարներից էր՝ Թբիլիսյան, Բարոնյան, Դանիելյան փողոցներով մոտ 2 կմ: Պարզվեց մի շարքից բացի դեմն այլ շարք էլ կար, ոստիկանների սահմանածով առաջին շարքն էր օրինական հերթ: Երկրորդ շարքից բացի նրբանցքներում էլ կային ավտոմեքենաներ, որոնք պարբերաբար մտնում էին հիմնական հերթ: Որքան հերթը մոտ էր մաքսատանը, այնքան վեճերը թեժ էին հերթ մտնել փորձողների ու չթողողների միջև, դրանք շատ թեժ էին, մի անգամ էլ ես միջամտեցի: Ոստիկանական մեքենաները հսկում էին միայն մաքսատան մուտքի մոտ: Ընդհանուր առմամբ, երևի 3 ժամ եղել եմ այդտեղ ու անցուդարձ եմ արել հերթի երկայնքով (այլ գործի բերումով), եղել եմ այդ փողոցներում առավոտյան ժամը 10-ից մինչև 19:30-ը: 4 անգամ վարորդներ մոտեցան, հիմնականում գյումրեցի, ու բողոքեցին, որ այսինչ գյումրեցիք, տվեցին անունները, գիշերվանից հիմնական հերթում կանգնածներից ոմանց համոզել և փողով՝ 3000-5000-ական դրամ, նոր հերթ են խոստացել, կամ հերթն առաջ են գցել և այդպես գոյացել է զուգահեռ հերթը, որոնց մեքենաները հիմնական հերթի մեքենաներին զուգահեռ ոստիկանությունը ներս է թողել մաքսատուն: Մարդիկ լուրջ պնդում էին, որ ոստիկանները դա անում էին փողով: Գուցե այդպես չէ, բայց, քանի որ հիմա էլ դեռ հերթը չի նվազում ու բազմաթիվ վարորդներ մնալու են մեքենաներում, լուսացնելու են ու շատ են չարչարված, ոստիկանությունը պարտավոր է հերթի ամբողջ երկայնքով հսկողություն սահմանել և վճռականորեն խափանել բոլոր այսօրինակ այլանդակությունները: Այլապես իսկապես դառնում է հանցակից:

Գյումրեցիներին կոչ եմ անում՝ ով հնար ունի, թեյ-բան հասցրեք հերթերում տանջվող վարորդներին: Մաքսատունն իսկապես լավ է աշխատում, բայց ավտոմեքենաների ներհոսքը ֆանտաստիկ ծավալներ ունի»: