Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Աջակողմյան ղեկը Հայաստանում փոխելը թակարդ է». քաղաքացին ահազանգում է

401
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ., 14:10
«Աջակողմյան ղեկը Հայաստանում փոխելը թակարդ է». քաղաքացին ահազանգում է

MAMUL.am-ի խմբագրություն էր զանգահարել քաղաքացի Վահե Տեր-Գալստանյանը, որի բողոքի առիթն աջակողմյան ղեկով մեքենաներ ներկրելու հարցում փակուղու առաջ կանգնելն է:
«Նորություններով լսել էի, որ կարող ենք մեքենաները ներմուծել, ղեկի փոխարինում անել: Բայց Բագրատաշենի անցման կետում մեզ մի թուղթ տվեցին, որ ստորագրենք, որ պարտավորվում ենք 30 օրվա ընթացքում ղեկի տեղափոխումը կատարել: Ես այնտեղ ասացի, որ դա հնարավոր չէ, որովհետև ամեն մեքենայի մաքսազերծում նվազագույնը 15 օր է տևում, Հայաստանում արհեստավորներ չկան: Բոլորը գնացել են, Վրաստան են աշխատում, ով էլ կա, զանգահարում ես՝ ասում են՝ հունվարից հետո, հերթ է: Ասացին, որ եթե չստորագրեմ, մեքենաները չեմ կարողանա անցկացնել: Ես ստորագրել եմ, գրել եմ նաև, որ այդ ժամկետում չեմ հասցնի»,- նշեց մեքենա ներկրած քաղաքացին:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում խնդրի լուծման ակնկալիքով զանգահարել է ՊԵԿ, որտեղից իրեն պատասխանել են, թե ոչնչով օգնել չեն կարող: Խորհուրդ են տվել դիմել կառավարություն: Այստեղից էլ նրա հեռախոսազանգերն անպատասխան են մնացել:
«Այսպես ինձ նման բազմաթիվ մարդիկ փաստի առաջ են կանգնել: Այն մարդիկ, ովքեր Վրաստանում են մեքենաները թողնում, նրանք ավելի շատ հնարավորություն ունեն նույնիսկ հունվարից հետո մեքենաներ ներկրելու և 2019թ. դրույքաչափերով մաքսազերծելու, քան մենք: Գալիս ենք Երևան, պարզվում է, որ մինչև նոր տարի ժամանակ ունենք: Ի դեպ, փաստաթղթում 30 օր էր գրված, սակայն իրականում 30 օր էլ չէ, մինչև 2020թ-ն է, ՊԵԿ-ում են այդպես ինձ ասել: Իսկ եթե հունվարից հետո գործն արվի, ապա արդեն կարվի մի քանի անգամ բարձր դրույքաչափերով, որովհետև ընդունված որոշմամբ՝ ԵԱՏՄ տարածքում այդ դրույքաչափերը մի քանի անգամ բարձր են լինելու: Ստացվում է, որ մարդկանց թակարդն են գցում, որ գան Հայաստան, հետո ոչինչ չկարողանան անել: Այն, որ իրենք ասում են՝ կարելի է այստեղ ղեկը փոխել, որպեսզի արհեստավորներն այստեղ գումար աշխատեն, այդ որոշումն իրականում չի գործում»,- ասաց Վահե Տեր-Գալստանյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կառավարությունը որոշում էր ընդունել, որի համաձայն՝ թույլատրվել է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով: Այնուհետև մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում: