Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայոց եկեղեցին իբրև հայ ժողովրդի սակրալ արքետիպ. ԵՊՀ դոցենտ

628
Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ., 19:10
Հայոց եկեղեցին իբրև հայ ժողովրդի սակրալ արքետիպ. ԵՊՀ դոցենտ

Ժամանակակից հայ իրականության մեջ ձևավորվել են որոշակի էկզիստենցիալ մարտահրավերներ, որոնք լուրջ խնդիրներ են առաջադրում հայ ժողովրդի ազգակրոնական ինքնությանը։ Համաշխարհայնացման գաղափարախոսությունը և նրան այնքան հարազատ աշխարհաքաղաքացիությունը, ինչպես նաև ավանդական, ազգային, կրոնաբարոյական և այլ արժեհամակարգերի հանդեպ դրսևորվող որոշ մերժողական մոտեցումներ վտանգավոր ազդեցություն կարող են ունենալ հայ ժողովրդի հասարակական կյանքում։ Ազգային և հանրային կյանքը հուզող, ալեկոծող և վրդովմունք առաջացնողնման միտումներիցեն լեզվամշակութային ինքնատիպության ու առանձնահատկությունների համահարթեցումը, ազգային ինքնության, ազգային պատմության, ազգակրոնական և ընտանեկան սրբությունների հաղթահարումը, վերազգային ստանդարտների արմատավորումը։

Լեզուն, պատմությունը, հայ եկեղեցին արքետիպային երևույթներ ու սիմվոլներ են ժողովրդի համար, որոնք, որպես այդպիսին, օժտված են վիթխարի ներշնչանքով և զգացմունքային ուժով, «հոգեբանական ապրումների նստվածքի» տեսքով։ Այդ արքետիպերը հանդես են գալիս անփոփոխ և կայուն կերպով, կրկնվում բազմաթիվ սերունդների կյանքում, դառնում «հոգևոր հիգիենայի» հրամայականի հարց, արտահայտում հայ ժողովրդի համար այդ սիմվոլների վեհությունը, մատնանշում ժառանգորդությունն ու ազգահոգեբանական ամբողջականությունը։

Հայ ժողովրդի համար լեզուն, պատմությունը, եկեղեցին եղել են գոյության, ինքնության խարիսխ։ Դարեր շարունակ, զրկված լինելով անկախ քաղաքական իշխանությունից սեփական հայրենիքում, իսկ հայրենիքից դուրս դեգերելով օտար երկրներում՝ հայերն ազգային միասնությունը, ինքնությունն ու անհատականությունը պահել են Հայ եկեղեցու միջոցով։ Միաժամանակ, դարեր ի վեր Հայ եկեղեցու մեծագույն առաքելություններից է եղել ինքնության պահպանությունը, վանական համալիրներում և կրթական հաստատություններում կրոնափիլիսոփայական, բարոյաիրավական համակարգերի մշակումը, հայ ժողովրդի համայնական կյանքի ընթացքի կազմակերպումը, ազգային առաքինությունների արմատավորումը, համերաշխության, հայկական էթնոմշակությաին կարծրատիպերի, ազգայի լեզվի, եկեղեցու, ընտանիքի պահպանությունն ու զարգացումը։

Կրոնի հոգեբանությունից հայտնի է, թե կրոնական գաղափարները որքան ընդհանրություններ ունեն ծնողական պատկերների հետ։Հայ ազգը, եկեղեցին, ընտանիքը, լեզուն, պատմությունը միաձույլ են, և այդ արժեքների սրբության մեջ է հայի «հոգևոր տան» հարատևության գաղտնիքը, քանի որ հոգեկան կյանքը ամենայն խորությամբ կուտակել է սերունդների փորձը և ժառանգականության կապը, հոգեկան ապրումների նստվածքը, պայմանավորել մարդ-աշխարհ միասնությունը, սերնդեսերունդ փոխանցվելով ձերբազատվել անհատական շերտավորումից և դրանով համընդհանուր նշանակություն ձեռք բերել։

Պետք է նկատի ունենալ, որ նման արքետիպային պատկերները, սիմվոլները միաժամանակ հանդես են գալիս հզոր, ընդարձակ, հնուց պաշտամունքի օբյեկտ հանդիսացող ինստիտուտի տեսքով, ինչպիսին հայ ժողովրդի համար Հայոց եկեղեցին է։

Անդրադառնալով այսօրվա իրողություններին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես նպատակ է դրված ստեղծել վերազգային քաղաքացիական հասարակություն, որն ընթանում է քաղաքակրթությունների համահարթեցման և/կամ որ նույնն է՝ ժողովուրդների (տվյալ դեպքում հայերիս) ապամշակութացման և վերազգային ստանդարտների արմատավորման ճանապարհով։ Ակնհայտ է, որ այդ նոր պահանջներին պետք է համապատասխանեն նաև վարքագծային փոփոխությունները, ավանդական հոգևոր-մշակութային արժեքների հաղթահարումը (ընտանիք, ամուսնություն, բարքեր)։

Հանրահայտ իրողությւոն է, որ ավանդական կրոնները, մասնավորապես Հայոց եկեղեցին, հասարակական կյանքում դավանաբանական գործունեությունից զատ ավանդույթի ուժով իրականացրել և իրականացնում են հոգևոր-մշակութային գործունեություն և անքակտելիորեն շաղկապված են ազգային ավանդույթներին և սովորույթներին, պահպանում ենբարոյականության գլխավոր ատաղձները։

Փաստենք, որՀայոց եկեղեցու պատմության մեջ դրսևորվում են պատմական անցյալի և ներկայի յուրահատուկ կապը, ազգամշակութային ընդհանրական գծերը, որոնք գործնականում դառնում են էթնոդավանաբանական, ազգածնական և ազգատարբերակիչ հատկանիշների պահապանն ու կրողը։

Հայտնի է, որ V-րդ դարի աննախընթաց գրական շարժումը ծագել է իբրև ծառայություն քրիստոնեական կրոնի կարիքներին, բայց, միևնույն ժամանակ, հենց իր հիմքում ունեցել է հայրենիքի անկախությանն ու հայ ժողովրդի ինքնուրույնությանը ծառայելու բուռն տենչը։ Հենց այդ բուռն և ազնիվ տենչից է առաջացել ազգային եկեղեցի, ազգային լեզու և գրականություն ստեղծելու իրողությունը, որ դարեր շարունակ հայ ժողովրդի ինքնապահպանության և ինքնուրույն զարգացման վառ փարոսն է եղել։

Ս․ Պարթևի, Մ․ Մաշտոցի ու նրանց աշակերտների բեղմնավոր գործունեության հետևանքով հայ ժողովուրդն իսկապես քրիստոնյա դարձավ, ճանաչեց ու ջերմորեն սիրեց իր անցյալն ու հայրենքը, իր պատմական հիշողությունը։

Սուրբ գրքի և քրիստոնեկան ընդհանրական եկեղեցու ընդարձակածավալ գրականության թարգմանությունը, հույն նշանավոր փիլիսոփաների երկերը հայերենի վերածելը, թարգմանության արժանացած հանրահայտ երկերիընտրությունը այսօր եվրոպական գիտության ու գրականության համար մատչելի են դարձրել նույնիսկ միայն հայերեն թարգմանությամբ պահպանված արժեքավոր ստեղծագործություններ: Անտիկ հանրահռչակ հեղինակների ընտրությունը արտացոլումն է Հայոց եկեղեցու վանականության մտավոր լայն հետաքրքրությունների, ստեղծագործ և ինտելեկտուալ ակտիվության։Այս ամենի հենքի վրա է նաև բարձրանում է Հայոց եկեղեցու հեղինակությունը, նորից շեշտվում այն իրողությունը, որ նրա պատմությունը լինելով հայ ժողովրդի պատմության անբաժան մասը՝ միաժամանակ ինքնուրույն է և աղերսներ ունի բարոյագեղագիտական, իրավաքաղաքական, պատմափիլիսոփայական մտքի պատմության հետ։

Այս ամենի ընդհանրացմաբ էլ կարելի է փաստել, որ Հայոց ազգային եկեղեցին և նրա պատմությունըմի կողմից սերտ կապի և հարաբերությունների մեջ են հասարակության քաղաքական և սոցիալական բոլոր ինստիտուտների և կառույցների, իսկ մյուս կողմից՝ քաղաքակրթական և մշակութային արժեքների հետ։ Դրանով է բացատրվում այն, որ փոխադարձ այդ կապերի ու հարաբերությունների շնորհիվ Հայոց եկեղեցին հասարակական բազմազան և տարաբնույթ հարաբերություններում հանդես է գալիս բաց կառույցի տեսքով, մասնակից դառնում հասարակական-քաղաքական գործընթացներին՝ անհրաժեշտության դեպքում համատեղելով սուրն ու խաչը, հանդիսանալով սփյուռքի և հայրենիքի միջևանքակտելի կապի միջոց, այս ունիվերսալ համատեքստում դառնալով ավելին, քան եկեղեցին է: Այս ամենի արդյունքում էլ առավելապես կարևորվում է «հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դպրոցներում։

Եվ այսօր առավել քան ակնհայտ է, որ հայ ժողովրդի ազգակրոնական ինքնությանն ուղղված վտանգավոր հավակնություններինդիմակայելու համար անհրաժեշտ է վերածնել, ակտիվացնել և արմատավորել կրոնաբարոյական արժեքները, ազգային, ընտանեկան սրբությունները, առողջ հասարակություն ունենալու չափանիշները։

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի

Կրոնի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ,

փիլիսոփայական գիտություններ թեկնածու

Գոհար Արամայիսի Սարգսյան