Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Խոսքը 70-80 միլիոն դոլարին համարժեք գումարի մասին է, որը կարող է մտնել Հայաստան, բայց չի արվում». Հրաչյա Բերբերյան

338
Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 20:10
«Խոսքը 70-80 միլիոն դոլարին համարժեք գումարի մասին է, որը կարող է մտնել Հայաստան, բայց չի արվում». Հրաչյա Բերբերյան

«Տարիներ շարունակ Հայաստանը եղել է տոմատի մածուկի շտեմարան, իսկ հիմա այն ներկրում ենք: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ գործարանային հզորությունները չավելացնելու դեպքում ի վիճակի ենք 30-40 հազար տոննա տոմատի մածուկ արտադրել: Խոսքը 70-80 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի մասին է, որը կարող է մտնել Հայաստան, ինչը չի արվում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նրա հետ զրույցի թեման տեղական գյուղատնտեսական արտադրանքի խթանումն ու արտահանման ծավալների ավելացումն է:

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2019թ. 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 3,496.4 տոննա լոլիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ներմուծման ծավալը գերազանցել է 12.6 անգամ: Ավելի քան կրկնակի աճ է արձանագրվել նաև կարտոֆիլի ներմուծման պարագայում:

Հ. Բերբերյանը տեղական արտադրանքը խթանելու փոխարեն այլ երկրներից պտուղ-բանջարեղեն ներմուծելու քաղաքականության արմատները տեսնում է ջերմատնային տնտեսության մեջ: ՀՀ հարևան Թուրքիայում լոլիկներն աճեցվում են պոլիէթիլենային թաղանթի տակ, իսկ ՀՀ-ում ջերմոցները գազով են ջեռուցվում, ինչը բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը:

«Թուրքիայի տարածքով ինքնաթիռով թռչելիս կնկատեք պոլիէթիլենային թաղանթները»,- ասաց նա:

Ըստ միավորման նախագահի՝ ճանապարհը ոչ թե ներկրման արգելումն է, այլ տեղականի խթանումը: Դա ինչ կերպ կլինի՝ սուբսիդիայի տրամադրմամբ, թե այլ ձևով, արդեն կառավարության որոշելիքն է: Բացի այդ, ներկրման արգելքն իր մեջ նաև արտադրանքի գների աճի վտանգ է պարունակում:

«Նման պատմություն եղավ հավկիթի դեպքում. երբ ձվի ներկրումը դադարեց, տեղի թռչնաբուծարանները կրկնակի բարձրացրին գինը»,- հիշեցրեց գյուղատնտեսը:

Նրա կարծիքով՝ տարիների պատմություն ունեցող այս խնդիրը համակարգային լուծում է պահանջում: Ժամանակին, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առջև բարձրացրել են երկրում սերմնաբուծության ոլորտում առկա խնդիրների մասին, արձագանքը եղավ այն, որ այն ժամանակվա գյուղատնեսության նախարար Իգնատի Առաքելյանը գարու սերմացու ներկրեց: Այն գնորդ չունեցավ, իսկ դրա հետևանք ֆինասնական վնասների համար էլ ոչ ոք պատասխան չտվեց ու չպատժվեց:

«Պետք է վերականգնել լոլիկի բաց գրունտի ցանքատարածությունները, ինչը կխթանի տոմատի մածուկի արտահանումը և կդադարեցնիի ներկրումը: Հիմա երբեմն ներկրում են տոմատ, փաթեթավորում են որպես հայկական գործարանի արտադրանք ու իրացնում: Ապահովված ոռոգման համակարգ, ապահովված բույսերի պաշտպանություն, հակակարկտային ծառայություն, ապահովված անասնաբուծություն. մենք դրանք չունենք: Մինչդեռ դա գյուղատնեսության վերելքի նախադրյալներն են: Սկզբից գյուղանտեսական ապահովագրության համար նախապայմաններ պետք է ստեղծվեն, հետո նոր հայտարարեն ոլորտը ապահովագրելու մասին: Իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է արվում»,- գնահատեց Հ. Բերբերյանը:

Նա հայտնեց, որ առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ վարչապետի հետ հանդիպում-քննարկում կազմակերպելու համար դիմել են աշխատակազմ, սակայն դեռ արձագանք չեն ստացել: Ըստ նրա՝ վարչապետը միակ պաշտոնյան է, որն ընկալում է խնդիրները, սակայն նախարարության պաշտոնյաները բավարար չափով գիտակներ չեն:

«Վարչապետը հանձնարարությունը տալիս է, սակայն լուծումները չենք տեսնում»,- գնահատեց Հ. Բերբերյանը: Նա պնդեց, որ պտուղ-բանջարեղենի արտահանման առումով Հայաստանն ինքնաբավ երկիր է:

«Մենք պտուղ-բանջարեղենի ծավալների խնդիր չունենք, կազմակերպական խնդիրներ ունենք: Ճիշտ, գրագետ աշխատանքի դեպքում կարելի է հասնել նրան, որ ՀՀ-ն դառնա հայրենական գյուղատնտեսական արտադրանքի մեծածավալ սպառող»,- ամփոփեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հ. Բերբերյանը: