Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Տագնապալի վիճակագրություն. ամեն 11 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է մեկ հղի կամ նորածին

1065
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 23:45
Տագնապալի վիճակագրություն. ամեն 11 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է մեկ հղի կամ նորածին

Ամեն տարի աշխարհում մահանում է 2,8 միլիոն հղի ու նորածին: Բարձր է նաև մահացածության ցուցանիշը մինչև 15 տարեկան երեխաների շրջանում: Այս տագնապալի վիճակագրությունը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Փաստաթղթում ասվում է, որ կանայք ու նորածիններն առավել խոցելի են ծննդաբերության ընթացքում և դրանից անմիջապես հետո: Ամեն 11 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է մեկ հղի կամ նորածին:

Հարկ է նաև նշել, որ 2000 թվականից սկսած՝ մանկական մահացությունը կիսով չափ կրճատվել է: Մայրական մահացությունը կրճատվել է մեկ երրորդով: Սակայն, չնայած այս դրական տեղաշարժին, նորածնի մահվան վտանգը ծնվելուց անմիջապես հետո կամ կյանքի առաջին մի տարում շարունակում է շատ բարձր մնալ:

Ռիսկի գոտում են նաև մինչև 15 տարեկան երեխաները: Միայն անցած տարի աշխարհում մահացել է 6,2 միլիոն երեխա, որոնցից 5,3 միլիոնը՝ մինչև 5 տարեկան: