Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Եթե հիմա խոսեք քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, կխոստովանեն՝ չէին սպասում, որ այսպիսի բարդությունների մեջ են հայտնվելու». Վահագն Խաչատրյան

676
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 12:55
«Եթե հիմա խոսեք քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, կխոստովանեն՝ չէին սպասում, որ այսպիսի բարդությունների մեջ են հայտնվելու». Վահագն Խաչատրյան

«Համոզված եմ՝ եթե հիմա խոսեք քաղաքային իշխանության ներկայացուցիչների և քաղաքապետի հետ, կխոստովանեն՝ չէին սպասում, որ այսպիսի բարդությունների մեջ են հայտնվելու». հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, որ ներկայիս քաղաքային իշխանությանը գնահատական տալիս ելնում է վերջինի ստացած ժառանգության վիճակից: Բնակֆոնդն անմխիթար է, կետային կառուցապատումը, բակային տարածքներում կանաչ տարածքների փոխարեն բարձրահարկ շենքերի կառուցումը հանգեցրին նրան, որ Երևանի բնակիչները շնչելու տեղ չունեն: Այս ամենի հեղինակը նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է:

«Ռոբերտ Քոչարյանը փորձեց Երևանը դարձնել գյուղաքաղաք, երբ այն զրկեց տրամվայից, մասամբ տրոլեյբուսից, և արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք: Քաղաքական ենթատեքստով եթե նայենք, երևանցիներին ստորացնելու լավագույն ձևն էր: Այդ կուտակված խնդիրները հիմա բեռ են դարձել ներկայիս քաղաքային իշխանության համար: Ես դեռ նախընտրական ժամանակ եմ ասել, որ չեմ նախանձում այն մարդկանց, ովքեր կգան ընտրությունների ճանապարհով և կսկսեն ղեկավարել քաղաքը»,- նշեց բանախոսը:

Ըստ նախկին քաղաքապետի՝ հիմա քաղաքի գլխավոր խնդիրն աղբահանությունն է: «Սանիթեքն» այլևս չկա ըստ էության, քաղաքային իշխանությանը փաստի առաջ է կանգնեցրել, մինչդեռ դա այդպես չպետք է լիներ:

«Դա այնքան հեշտ լուծելի հարց է այսօրվա տեխնոլոգիական պայմաններում: Սակայն ժամանակին մրցույթը տարօրինակ պայմաններում է տեղի ունեցել, և հաղթել է մի կազմակերպություն, որը նախկինում երբևէ հայտնի չի եղել որպես աղբահանություն իրականացնող կառույց»:

Ըստ Վ.Խաչատրյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանը և իր թիմը սրտացավ են և ամեն ինչ անում են, որ այս վիճակից դուրս գան, հարցը լուծվի, բայց չի ստացվում: Անհասկանալի պատճառներով քաղաքապետարանը հանրությանը չի ներկայացնում «Սանիթեքի» հետ կնքված պայմանագիրը: Փոխարենը հնչում են փոխադարձ մեղադրանքներ:

Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից աղբահանություն կատարող ՀՈԱԿ-ի ստեղծմանը՝ Վ. Խաչատրյանը դա սխալ քայլ համարեց:

«Չի կարելի նման ծառայությունները պետությանը վստահել, ուղղակի պետք է նորմալ մրցույթ անցկացնել, դա պատվիրակել մի կառույցի: Թեպետ աշխարհում կա մի քաղաք, որտեղ քաղաքային իշխանությունը աղբահանություն է կատարում: Դա Լոս-Անջելեսն է, քաղաքը մասնաբաժինն ունի ընկերության մեջ, սակայն դրանից բնակիչն է տուժել, որովհետև վարձը բարձրացել է»:

Վ. Խաչատրյանը քաղաքային իշխանությանը խորհուրդ տվեց օրինակ վերցնել Թբիլիսիից: «Գնացեք Թբիլիսի և այնտեղից սովորեք: Այնտեղ աղբը մշակվում է նորմերի համաձայն: Կարելի է գնալ և ուսանել՝ ինչպես են անում, որ Թբիլիսիում աղբ չես տեսնում»:

Վ. Խաչատրյանը հիշեցրեց, որ աղբավերամշակման գործարանի կառուցման համար պետք է մրցույթ հայտարարել, և հարցը ի վերջո պետք է լուծում ստանա: