Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Թուրքմենստանում աշխատավարձ ու կենսաթոշակ են բարձրացնում

1099
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 17:05
Թուրքմենստանում աշխատավարձ ու կենսաթոշակ են բարձրացնում

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 2020 թվականի հունվարի 1-ից բնակչության աշխատավարձերն ու այլ վճարումները 10 տոկոսով կբարձրանան: Այդ մասին հուլիսի 6-ին գրել է է Թուրքմենստանի կառավարության ռուսալեզու «Չեզոք Թուրքմենստան» թերթը։

Աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է պետբյուջեից ֆինանսավորվող հաստատությունների, տնտեսվարող սուբյեկտների և հասարակական միավորումների աշխատակիցներին: Նույնքան՝ 10% -ով էլ բարձրացվելու են կենսաթոշակներն ու կրթաթոշակները։

Կենսաթոշակի նվազագույն չափը որոշելու համար բազային մեծությունը կկազմի 338 մանաթ: Պետական նպաստների հաշվարկման բազային մեծությունը կլինի 322 մանաթ։ Թուրքմենստանում նվազագույն աշխատավարձը 870 մանաթ է (մոտ 248 ԱՄՆ դոլար, 3,5 թուրքմենական մանաթը 1 ԱՄՆ դոլար է):

Գ. Բերդիմուհամեդովի հրամանագրում ասված է, որ աշխատավարձի ավելացումն անհրաժեշտ է ապահովել հաստատությունների և ձեռնարկությունների կառուցվածքի կատարելագործման, ինչպես նաև արտադրական հզորությունների առավել արդյունավետ օգտագործման և աշխատողների աշխատանքի արտադրողականության հաշվին:

Թուրքմենստանի տնտեսությունն արդեն մի քանի տարի ճգնաժամի մեջ է։ Երկրի տնտեսության հիմքը գազի արտահանումն է։ Ավելի վաղ, Թուրքմենստանն իր գազի մեծ մասը կայուն գներով վաճառում էր Ռուսաստանին և արժույթի կայուն հոսք էր ունենում։ Սակայն 2016-ին Թուրքմենստանը ցանկացավ բարձրացնել գազի գինը՝ դրանով խախտելով կնքված պայմանագրի պայմանները։ Հետևանքն այն եղավ, որ «Գազպրոմը» խզեց պայմանագիրը, որից հետո Թուրքմենստանի իշխանությունները փորձեցին տնտեսական կապեր հաստատել Չինաստանի հետ՝ իրենց գազն այնտեղ վաճառելու համար։ Սակայն չինացիները մի քանի հանքավայրեր գնեցին Թուրքմենստանում ՝ մեկանգամյա ներարկումներ կատարելով այդ երկրի տնտեսության մեջ։ Արդյունքում՝ Չինաստանի հետ համագործակցությունից Թուրքմենստանը արժույթի ներհոսքի կայուն աղբյուր չստացավ: