Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Առաջին անգամ ներկայացնելու եմ Հայաստանը». Խինես Մելենդես

308
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 14:35
«Առաջին անգամ ներկայացնելու եմ Հայաստանը». Խինես Մելենդես

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Թոթենհեմ»- «Լիվերպուլ» հանդիպման ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ: Չեմպիոնների լիգայի եզրափակչի մրցավայր՝ Մադրիդ, մեկնելուց առաջ Խինես Մելենդեսը ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությանը պատմել է տեխնիկական տեսուչի պարտականությունների մասին և կիսվել եզրափակչից իր ակնկալիքներով:

-Պարոն Մելենդես, որքա՞ն ժամանակ է, որ համարվում եք ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ:

- Արդեն շուրջ 10 տարի:

- Ի՞նչ է մտնում ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչի պարտականությունների մեջ:

- Տեխնիկական տեսուչները դիտում են խաղերը, վերլուծում դրանք տեխնիկական տեսանկյունից և զեկուցում իրենց տեսածը: Այս ամենի հիման վրա հետագայում կազմվում են ՈՒԵՖԱ-ի տեխնիկական զեկույցները՝ փաստաթղթեր, որոնք վերլուծում են մրցաշարը տեխնիկական և տակտիկական տեսանկյունից՝ շեշտը դնելով ֆուտբոլիստների գործողությունների, գոլերի և կարևոր դրվագների վրա:

Զեկույցը երկու հիմնական նպատակ ունի.

1. Ապահովել ՈՒԵՖԱ-ի՝ տարբեր կարգի արտոնագրեր ունեցող մարզիչներին տեղեկատվությամբ և նրանց հնարավորություն տալ գիտելիքներ ձեռքբերել եվրոպական ակումբային մրցաշարերի տակտիկական ամենավերջին տենդենցների վերաբերյալ:

2. Ձևավորել ժառանգություն, այսինքն փաստաթղթավորել մրցաշարի պատմությունը՝ տեխնիկական և տակտիկական տվյալների ամբողջության տեսքով:

- Դուք ներկայացրիք պարտականությունների ընդհանրական պատկերը, իսկ ի՞նչ պարտականություններ ունեք՝ կոնկրետ եզրափակչի հետ կապված:

- Այլ տեսուչների հետ միասին դիտելու ենք հանդիպումը, որոշելու ենք հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Բացի այդ, ինչպես և նախորդ տարիներին, մի քանի օրից որոշելու ենք մրցաշարի լավագույն գոլերը և կազմելու ենք խորհրդանշական հավաքականը: Որպես տեխնիկական տեսուչ՝ առաջին անգամ ներկայացնելու եմ Հայաստանը:

- Նշեցիք այլ տեսուչների մասին: Ի՞նչ հայտնի անուններ կան ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչների ցանկում:

- Այս տարի այդ բարձր պատվին արժանացել են այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, գերմանացի հանրահայտ մարզիչ Թոմաս Շաաֆը և այլն: Նախորդ տարիներին ևս կազմը եղել է շատ ներկայացուցչական՝ սըր Ալեքս Ֆերգյուսոն, Ֆաբիո Կապելո, Քրիստիան Կիվու, Ռայան Գիգզ, Դեյան Ստանկովիչ և այլոք:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք եզրափակչից:

- Եզրափակչում «Բարսելոնա»-ին էի սպասում: Կուզեի Մեսսիին հանդիպել, բայց «Լիվերպուլ»-ն արժանի հաղթանակ տարավ: «Թոթենհեմ»-ը ևս զարմացրեց: Նմանատիպ խաղաոճերով, հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմեր են, ուստի շատ հետաքրքիր մրցավեճ եմ ակնկալում: Որոշիչ կլինի թիմային արագության գործոնը: Ի վերջո, կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի: