Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մեր ԱԳՆ-ը Հենրիխին թողնում է մենակ՝ Ադրբեջան պետության ռեսուրսների ու քարոզչության դեմ»․ Սամվել Ֆարմանյան

283
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 23:25
«Մեր ԱԳՆ-ը Հենրիխին թողնում է մենակ՝ Ադրբեջան պետության ռեսուրսների ու քարոզչության դեմ»․ Սամվել Ֆարմանյան

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջ է բերում որոշ հարցեր, որոնք նախևառաջ ուղղած են ՀՀ կառավարությանը և մեր ԱԳՆ-ին:

1. Համադրելով մամուլում եղած հրապարակումները, ակնհայտ է դառնում, որ ԵԼ-ի՝ Բաքվում կայանալիք եզրափակիչին մասնակցելու համար Հենրիխ Մխիթարյանն այս ողջ ընթացքում պետք է անգամ Հայաստանի հավաքականի մարզազգեստով լուսանկար չհրապարակեր, որ հանկարծ Բաքվում դա չհամարեին որպես պովոկացիա: Թե Բաքվի երևակայությունը որքան մեծ է և առաձգական, ինչ կոնկրետ սահմաններ ունի ու անհրաժեշտության դեպքում ինչը կմեկնաբանվեր որպես պրովոկացիա, միայն Աստծուն է հայտնի:

2. Բաքվի՝ «սեփական ժողովրդին խաղաղության նախապատրաստող» իշխանությունները, նրա դիվանագետները, սպորտի ոլորտի պատասխանատուները և երկրպագուները մամուլում և սոցիալական ցանցերում չեն հոգնում կրկնել, որ Ադրբեջանում ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ հրապարակայնորեն ի ցույց դրվի Հայաստանի դրոշը: Այսինքն, Արսենալի խաղացող Օզիլը կարող է, օրինակ, Բաքվի մարզադաշտում ծածանել Թուրքիայի դրոշը, իսկ Հենրիխը չի կարող խաղից հետո փաթաթվել հայկական եռագույնով, ինչպես մեկ անգամ արդեն արել է՝ երջանկության անմոռանալի զգացողություններ պարգևելով իր հայ երկրպագուներին:

3. Ակնհայտ է, որ համաշխարհային առաջատար մամուլը, CNN, BBC, Guardian, Times և այլն, հեղեղված է Հենոյի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակով, Արսենալի և Չելսիի երկրպագուները հետ են վերադարձնում արդեն գնված տոմսերը, նրանք պահանջում ու հանրագրեր են ներկայացնում՝ Բաքվում նախատեսված եզրափակիչը չեղարկելու համար, խնդրի շուրջ իրենց վրդովմունքն են արտահայտում բրիտանացի նախարարներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպան կազմակերպություններ և այլք:

4. Պաշտոնական Բաքուն, հասկանալով, որ գործ ունի իր երկրի միջազգային հեղինակությանը հասցվող մեծ հարվածի հետ, զորաշարժի է ենթարկել բոլոր, ներառյալ դիվանագիտական ողջ ռեսուրսները՝ փորձելով ներկայացնել այնպես, իբրև թե իրենք տվել են պաշտոնապես բոլոր հնարավոր երաշխիքները, սակայն, Հենոն անձամբ որոշել է «չմեկնել Բաքու», ինչը մեզ ծանոթ ադրբեջանական ձեռագիր է և լկտի սուտ:

5. Արձանագրենք, սակայն, ամենակարևոր հանգամանքը՝ սպորտը, ֆուտբոլը և ՈՒԵՖԱ-ն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, ատելության և ռասիզմի նշանաբանով, իսկ պաշտոնական Բաքուն որևէ կերպ պատասխանատվություն չի ստանձնել, որ Հենոյի՝ Բաքու մեկնելու պարագայում, խաղի ընթացքում և դրանից դուրս ադրբեջանցի երկրպագուների կողմից կդրսևորվի հարգանք ՈՒԵՖԱ-ի առանցքային այս նշանաբանի հանդեպ: Չեմ խոսում նրա մասին, որ «անվտանգության երաշխիքներ» կոչվածն էլ, ինչի մասին խոսում է պաշտոնական Բաքուն, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում՝ ադրբեջանական ընկալմամբ, միայն իրենց է հայտնի:

6. Հստակ արձանագրենք, որ խնդրի էությունը կայանում է նրանում, որ ա) Հենրիխը ազգությամբ հայ է, բ) Հենրիխը կրում է ՀՀ քաղաքացիություն և ուշադրություն... գ) Հենրիխը բազմաթիվ անգամ եղել է Արցախում, ինչը Ադրբեջանի հիվանդ օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է: Ես չգիտեմ, ու այդ մասին չի էլ խոսվում, թե արդյոք Բաքուն տվել էր երաշխիքներ, որ սեփական հիվանդ օրենսդրությունը այդ պարագայում չի գործելու:

7. Վերջին կետով պայմանավորված, ո՞վ պետք է հանդես գար Հենրիխի իրավունքների պաշտպանության և այդ իրավունքների երաշխավորման դիրքերում, եթե ոչ միայն ու միայն Հայաստանի Հանրապետությունը՝ նրա անունից հանդես եկող կառավարությունը և արտաքին գործերի նախարարությունը: Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այստեղ բնավ առաջնային անելիք չուներ:

8. Իսկ ի՞նչ է արել մեր կառավարությունը: Ոչի՛նչ: Զրո՛: Իմ և այլոց ավելի վաղ արված հորդորներից հետո ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարվել է ընդամենը, որ «ՀՀ-ն դեմ չէ, որ Հենրիխը մեկնի Բաքու», այն դեպքում, երբ գոնե Հենրիխի զուտ ազգային պատկանելիության և քաղաքացիության հանգամանքով պայմանավորված, պարտավոր էին անել հնարավորն ու անհնարը:

9. Հենրիխը, ինչպես մեկ անգամ ասել եմ որպես պատգամավոր, հազար անգամ ավելի մեծ ու արդյունավետ գործ է անում մեր երկրի ու ժողովրդի՝ աշխարհում դրական ճանաչելիության բարձրացման առումով, քան «ինձ նման տասնյակ պատգամավորներ ու դիվանագետներ միասին վերցրած»: Ու ստացվում է ի՞նչ. մեր ԱԳՆ-ը Հենրիխին հիշում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է, առանց երկար-բարակ մտածելու, նրա ձեռքից վերցնել դիվանագիտական անձնագիրը, իսկ, երբ քո երկրի «իրական դեսպանը» իր իսկ իրավունքների պաշտպանության խնդիր ունի, նրան թողնում է մենակ՝ Ադրբեջան պետության ռեսուրսների ու քարոզչության դեմ, քանի որ մեր կառավարությունը միակողմանիորեն առայժմ զբաղված է «սեփական ժողովրդին խաղաղության պատրաստելու» չբացատրված աշխատանքով:

10. Հենո՛, ես քո բոլոր հայ երկրպագուների և քեզ անձնագիր տված պետության՝ Հայաստանի Հանրապետության անունից ներողություն եմ խնդրում քեզ համար ստեղծված դժվար իրավիճակում քեզ մենակ թողնելու, քո իրավունքները չպաշտպանելու, մեր ձեռքից եկածը չանելու համար: Անկեղծորեն, ներողություն եմ խնդրում ու խոստանում, որ անգործության այս անբացատրելի խավարը երկար չի ձգվելու: Դու մեր ժողովրդի հպարտությունն ես: Դու նրա սրտում ես»։