Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ես պարտավորված եմ այս թիմի առաջ»․ Ռուդիկ Մկրտչյան

397
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 22:55
«Ես պարտավորված եմ այս թիմի առաջ»․ Ռուդիկ Մկրտչյան

Օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը խորհրդակցության է հրավիրել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին և երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին։ Ներկա է եղել նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով մարզիչներին հորդորել է Եվրոպական խաղերի մասնակցող թիմի մեջ ներառել բռնցքամարտիկների, ովքեր ազգային հավաքականի անդամ չեն հանդիսանում: Իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մարզիկներին՝ Եվրոպական խաղերին մասնակցելու համար։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը և 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը մանրամասներ են ներկայացրել։

«Հավաքականը գլխավորել եմ փետրվարին։ Այս 5 ամսվա ընթացքում մասնակցել ենք Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության, աշխարհի գավաթի խաղարկության և 2 միջազգային մրցաշարերի։ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցել ենք 10 մարզիկով, բերել ենք 5 մեդալ, աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել ենք 6 հոգով, բերել 2 մեդալ, միջազգային մրցաշարերից բերել ենք 5 մեդալ։ Ընդհանուր թիմի արդյունքներից գոհ եմ։ Այսօր Եվրոպական խաղերին պատրաստ է մասնակցել 8 մարզիկ։ Ինձ հորդորում են, որ հավաքականում պետք է ներառվեն այլ մարզիկներ, ովքեր 1,5 տարի է չեն մասնակցել հավաքականի մարզումներին։ Ես պարտավորված եմ այս թիմի առաջ, ոչ թե այլ մարզիկների, ովքեր իմ հավաքականում չեն մարզվել։ Այսքան ժամանակ ինձ ոչ ոք չի զանգել ասել՝ ով գնա Եվրոպական խաղեր, ով ոչ։ Իսկ հիմա եկել հասել է վերջին փուլը, հավաքականի կազմը պարզ է ու ինձ ասում են դու ես հավաքականի գլխավոր մարզիչը, բայց դու չես կազմը որոշելու։ Հանդիպման ընթացքում Ռոստոմյանը փոփոխել է կազմը, իհարկե, Ռաֆիկ Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի և Արման Հարությունյանի հետ։ Ես այնտեղ էլ եմ ասել, որ համաձայն չեմ այդ թիմի հետ։ Ես իմ թիմի հետ եմ աշխատել ու իմ թիմի համար եմ պատասխանատու։ Ես չեմ բարձրացնում և ցածրացնում մյուս ֆեդերացիայի մարզիկներին։ Հանդիպման ընթացքում պարոն Ռոստոմյանն առաջարկեց սպարինգ-մենամարտեր, բայց և՛ Մեհրաբյանը, և՛ ես դեմ ենք դրանց, որովհետև քիչ ժամանակ է մնացել և այս շրջանում սխալ է սպարինգ-մենամարտ անցկացնելը։

Ոչինչ չունեմ այդ մարզիկների դեմ, գուցե նրանցից մի քանիսը շատ լավն են եւ ուժեղ, բայց ես այս պահին չեմ կարող նրանց ընդգրկել կազմ, քանի որ նրանք թիմի հետ չեն անցել ծրագրված ուսումնամարզական հավաքները, հավաքականի անդամ չեն և, ամենակարևորը, Հայաստանի առաջնությանը չեն մասնակցել:

Հիմա հավաքականից 14 հոգի կանչել են ուսումնամարզական հավաքի, բայց առանց ինձ։ Եթե ինչ-որ մեկը ցանկանա գնալ առանց ինձ, ես դեմ չեմ, դա իրենց որոշումն է։

Եվրոպական խաղերի համար թիմի կազմում ես 8 մարզիկ եմ ընդգրկել, և ես պատրաստվում եմ այդ 8 մարզիկներով մեկնել Եվրոպական խաղեր: Այլ մարզիկներ չեն կարող լինել այս կազմում։ Ես ինչպես իմ հավաքականի կազմի տղաների աչքերին նայեմ, եթե իրենց հիմա հանեմ թիմից։

Ես չգիտեմ՝ ապագայում ինչ է լինելու։ Մի բան կարող եմ ասել՝ պատրաստ չեմ իմ թիմից հրաժարվել»,- նշել է Ռուդիկ Մկրտչյանը։