Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Դավիթ Անանյանը՝ 62 միլիարդ դրամով ավելի եկամուտների հավաքագրման մասին

266
Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 00:40
Դավիթ Անանյանը՝ 62 միլիարդ դրամով ավելի եկամուտների հավաքագրման մասին

«Պետական եկամուտների կոմիտեն հարկ չի հավաքում: Այն իրականացնում է հարկային հսկողություն: Այդ 62 միլիարդը, որ մենք գնահատել ենք, այն է, որ այս տարի պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրավորված ցուցանիշից 62 միլիարդ ավելի հարկեր են վճարվելու: Դրանք հարկային հսկողության արդյունքում հարկ վճարողների դրսևորած վարքագծով պայմանավորված գնահատականների արդյունք են»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով իր՝ վերջերս արած հայտարարությանը, թե այս տարի բյուջեով նախատեսված մուտքերից 62 միլիարդ դրամ ավելի շատ պետք է «հավաքվի»:

Նրա խոսքով՝ 62 միլիարդի հիմնական մասը հարկային հսկողության արդյունքում ստվերի կրճատման հաշվին է:

«Կա նաև տնտեսական ակտիվությամբ պայմանավորված հարկային վճարների որոշակի ցուցանիշների ապահովում: Այստեղ կարևորը այն է, որ մենք ոչ թե տնտեսությունից քաշում ենք այդ գումարը, այլ մենք օժանդակում ենք հարկ վճարողներին. ճիշտ ճանապարհը ցույց տալով հարկային հսկողություն իրականացնելու միջոցով իրենց առաջարկում ենք, որ իրենք վճարեն իրենց հասանելիք հարկերը»,- նշել է Անանյանը:

ՊԵԿ նախագահը եթերի ժամանկ նշել է, որ հարկաբյուջետային այս քաղաքականության իմաստը ստեղծված արժեքի մի մասի հարկային համակարգի միջոցով վերաբաշխումն է պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար:

«Այո, հարկ վճարողները պետք է աշխատեն, պետք է արդյունք ստեղծեն: Արդյունքի մի մասը օրենքով սահմանված կարգով և ժամկետներով վճարեն պետական բյուջե, որպեսզի պետությունը կարողանա հոգալ սոցիալական, պաշտպանական և այլ ոլորտների խնդիրները»,- ընդգծել է Անանյանը: