Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

«Տղաների այդքան չարչարանքը ջուրն է ընկել»․ Զորիկ Մեքինյան

123
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 17:45
«Տղաների այդքան չարչարանքը ջուրն է ընկել»․ Զորիկ Մեքինյան

Մայիսի 15-ից 19-ն Անգլիայի Մանչեսթր քաղաքում կայանալիք թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի հավաքականը, որը, սակայն, չի կարողացել մեկնել ստուգատեսին՝ վիզաների պատճառով։ Ֆեդերացիան ժամանակին է դիմել դեսպանատուն, սակայն ուշ է ստացել վիզաները։ Առաջնությանը կհասցնի մասնակցել միայն 87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, ում քաշային կարգի կշռման արարողությունը տեղի կունենա վաղը։ Այսօր և երեկ տեղի ունեցած կշռման արարողություններին չհասցնելու պատճառով մեր մյուս 4 մարզիկները չեմ մեկնել ստուգատեսին։ Իրավիճակը պարզելու համար MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց հավաքականը գլխավորող մարզիչ Զորիկ Մեքինյանի հետ։

«Մենք դիմել ենք վիզաների կենտրոնին, նշել են, որ ժամանակին են գալու վիզաները, բայց ուշացվել է՝ ինչ-ինչ պատճառներով։ Եթե պետք է գար 12 օրում, եկել է 30 օրում։ Դրա համար էլ ուշացել ենք։ Ընթացքում դիմել ենք, նամակներ ենք գրել, բայց ոչինչ չի փոխվել։ Այսօր ենք վիզաներն ստացել, և գոնե մեկ մարզիկ կկարողանա մասնակցել առաջնությանը։ Ես ապրիլի 18-ին եմ դիմել վիզայի համար, տղաներից մեկը՝ 29-ին։ Բայց մեր երկուսի վիզան այսօր է եկել։ Չեմ իմանում՝ թե ինչ իրավիճակ է եղել վիզաների կենտրոնում, որ մեր վիզաներն ուշացվել են »,- նշեց մարզիչը։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ կային մեկնելու հնարավորություն չունեցած մարզիկներից և ինչ ակնկալիքներով է մեկնում Արսեն Գրիգորյանը, մարզիչը պատասխանեց․ «Սա սպորտ է, չես կարող կանխատեսել։ Տեսնենք ինչպես կստացվի, ամեն ինչ անելու ենք հաղթելու համար։ Մյուս տղաներն էլ պետք է գնային հաղթելու ակնկալիքներով։ Կա սպորտային բախտ ու վիճակահանություն, բայց, միևնույնն է, նպատակը մեկն է՝ հաղթանակը»։

Մեքինյանը նշում է, որ, ամեն դեպքում, տղաները կփորձեն վարկանշային միավորներ վաստակել այլ մրցաշարերում՝ Տոկիո-2020 օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ստանալու համար․ «Թեև չեն մեկնել աշխարհի առաջնությանը, այլ մրցումներից կկարողանան վարկանշային միավորներ վաստակել։ Ուղղակի տղաների այդքան չարչարանքը ջուրն է ընկել։ Ֆեդերացիան կապահովի այլ մրցումներին մարզիկների մասնակցությունը։ Ցավոք սրտի, այսպես ստացվեց։ Ցանկությունը մեծ էր, բայց չստացվեց։ Բազում մրցումներ կան իհարկե, ուղղակի աշխարհի առաջնությունից շատ միավորներ վաստակելու հնարավորություն կար»։