Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նավթի գինը կարող է հասնել 200 դոլարի

1037
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 21:15
Նավթի գինը կարող է հասնել 200 դոլարի

ԱՄՆ-ի ու Իրանի միջև քաղաքական առճակատումը վտանգավոր կետի է հասել: Իրանը ծանուցում է ուղարկել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին՝ այսպես կոչված միջուկային գործարքի շրջանակներում «որոշակի պարտավորությունների կատարումը կասեցնելու» որոշման մասին, ինչպես նաև տեղեկացրել է Եվրոմիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկո Մոգերինիին՝ որպես միջուկային ծրագրի համաձայնագրի համակարգող: Այս մասին հաղորդում է Lenta-ն:

Այնուհետև, Թեհրանը հայտարարել է, որ մոբիլիզացնում է ռեսուրսները և պատրաստ է նավթի վաճառքի համար օգտագործել «մոխրագույն շուկան», որպեսզի հաղթահարի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող հակաիրանական պատժամիջոցները:

«Միայն Ռուսաստանն ու Չինաստանն են կատարում միջուկային գործարքի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները: «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» մյուս անդամներն իրենց պարտավորությունները չեն կատարում»,- Մոսկվա կատարած այցի ժամանակ ասել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Զարիֆը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այս առիթով ասել է, որ «ամերիկացիները վերջին 40 տարիների ընթացքում ամեն օր Իրանի դեմ նոր դավադրություն են սկսում, բայց միշտ ձախողվում են», և որ «նրանք չեն կարողանում հասնել իրենց նպատակներին տնտեսական դաշտում՝ չնայած Իրանի ժողովուրդն այդ ճնշումների հետևանքով խնդիրներ կունենա: Այնուամենայնիվ, իրանական ժողովուրդը լավ գիտակցում է, որ ներխուժողների անօրինական գործողություններին դիմադրություն ցույց տալուց զատ այլ տարբերակ չկա»: Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի խոսքով՝ Իրանը պատրաստ է գնալ բանակցությունների, սակայն դրանք հնարավոր կդառնան, եթե բոլոր ճնշումները վերացվեն, և ամերիկացիները «տրամաբանության ու հիմնավորումների միջոցով լուծեն խնդիրները»: Միևնույն ժամանակ Ռոհանին վերահաստատել է, որ «այսօր չկա այլ ճանապարհ, քան ագրեսորին դիմակայելը, ով ցանկանում է ծնկի բերել իրանցի ժողովրդին»:

Թեհրանը վաղուց զգուշացրել է, որ իրավիճակի սրման դեպքում Հորմուզի նեղուցը կփակվի, որի միջոցով տեղափոխվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանից եկող նավթի մեծ մասը: Վերլուծաբանների կարծիքով Հորմուզի նեղուցի փակումը կհանգեցնի համաշխարհային էներգետիկ ճգնաժամի և նավթի գների անվերահսկելի աճին. մեկ բարելի համար կարող են սահմանել ցանկացած գին՝ 100, 200 դոլար: