Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.

Առևտրային պատերազմը խորանում է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև. «Ամերիկայի ձայն»

67
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 13:05
Առևտրային պատերազմը խորանում է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև. «Ամերիկայի ձայն»

Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից չինական արտադրանքի ներկրման մաքսատուրքերի բարձրացմանը, Չինաստանն էլ սակագներ է հաստատել ամերիկյան 5 հազար օրինակ ապրանքների վրա։ Այս ապրանքների մի մասը բանջարաբոստանային մշակաբույսերն են, բուսական յուղը, թեյն ու սուրճը։ Սա մեծ մտահոգություն է պատճառում ամերիկացի ֆերմերներին, որոնց նախագահ Թրամփը խոստանում է հատուցել սակագներից կրած վնասների դիմաց այն գումարներից, որոնք կստացվեն չինական ապրանքների վրա հաստատված սակագներից։ Թրամփի խոսքերով, Չինաստանը սակագնային պատերազմից կտուժի ավելի, քան Միացյալ Նահանգները, քանի որ այս երկրի արտահանումներն ԱՄՆ ավելի մեծ ծավալ ունեն, քան ամերիկյան ապրանքները՝ Չինաստանում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Սակայն չինացի վերլուծաբաններից շատերն են ասում, որ սակագներն ավելի կվնասեն ԱՄՆ-ին, քան Չինաստանին։ Նրանցից Գաո Լինգուինի խոսքերով՝ «երեքից վեց ամիս անց ամերիկյան ներկրողներն ու սպառողներն են վճարելու դրա դիմաց»։ Ըստ նրա հաշվարկների՝ չինական ընկերությունների ապրանքների ընդհանուր արժեքը սակագների պատճառով կավելանա 10 տոկոսով, ամերիկյան ապրանքներինը՝ 90։
ԱՄՆ-ում տնտեսագներից շատերն են ասում, որ սակագների պատճառով ամերիկացիների տարեկան ծախսը կավելանա մոտավորապես 700 դոլարով։

Թրամփն ասում է, թե սակագների ծախսից կարելի է խուսափել տվյալ ապրանքատեսակն ԱՄՆ-ում արտադրելու, կամ այդ ապրանքն այլ երկրներից գնելու դեպքում։
Իսկ այս ընթացքում սակագնային հակամարտությունը դառնում է դրամական շուկաներում արժեթղթերի անկման պատճառ։ Փոքր չէ այն տնտեսագետների թիվը, որոնք ասում են, թե անկումը երկար չի շարունակվի։ Սակայն գրեթե բոլորն են համամիտ այն մտքի հետ, որ առևտրային պատերազմը երկար շարունակվելու դեպքում երկու կողմերն էլ կտուժեն։ Եվ նրանք կոչ են անում արագ դուրս հանել խնդիրը փակուղուց։

Եվ ահա, չնայած չինական ևս 325 միլիարդ դոլարի համարժեք ապրանքների վրա սակագներ սահմանելու Թրամփի սպառնալիքներին, նա արտահայտել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանի իր պաշտոնակից Սի Ծին Պինի հետ առևտրային խնդիրների շուրջ բանակցություններ անցկացնելու ցանկության մասին։