Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

«Հռիփսիմե Խուրշուդյանը դեռ ասելու բան ունի». Արտաշես Ներսիսյան

98
Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 23:40
«Հռիփսիմե Խուրշուդյանը դեռ ասելու բան ունի». Արտաշես Ներսիսյան

Այսօր հայտնի է դարձել, որ հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից՝ դոպինգի պատճառով։ Մանրամասներ պարզելու համար MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ․ «Չեմ կարող պատկերացնել՝ ինչպես կարող են զրկել բոլոր մեդալներից։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Դա անմարդկային, սխալ երևույթ է։ Եթե նման բան կա, ուրեմն շատ վատ բան է։ Շատ տխուր եմ։ Ես դա սխալ որոշում եմ համարում։ Եթե սխալ է թույլ տվել, թող այդ պահի համար պատժվի, ոչ թե մյուս արդյունքները չեղարկվեն։

Չի կարելի նման կերպ վարվել տաղանդավոր աղջկա հետ։ Ես համոզված եմ, որ նա կապացուցի, որ Հռիփսիմե Խուրշուդյանն է և պատահական մարզուհի չի եղել։ Նա ջղայնացած է հիմա, սպասում է որակազրկման ժամկետը լրանա, որ վերադառնա սպորտ։ Համոզված եմ, որ նա հանգիստ չի նստի, նա այդ մարզուհին չէ։

Եկեք նրան հանգիստ թողնենք, չնյարդայնացնենք։ Նրան հիմա աջակցություն է պետք, ոչ թե փնովում։ Այդ աղջիկը մեր հպարտությունն է, մեր պարծանքը։ Մենք համոզված ենք, որ Հռիփսիկը դեռ ասելու բան ունի։ Նա կապացուցի, որ այն պայմաններում է չեմպիոն եղել, այս պայմաններում էլ կլինի չեմպիոն, վաղն այլ պայմաններ կդնեն, այլ պայմաններում էլ կլինի չեմպիոն։ Տաղանդավոր մարդը միշտ տաղանդավոր է մնում։ Կոչ եմ անում հանրությանը նրա կողքին լինել այս բարդ պահին»։