«Հայկական ֆուտբոլը զարգանալու է կրթությանը պատշաճ ուշադրություն դարձնելու շնորհիվ»․ Սանտի Դենիա
![]() Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ի մասնակից Իսպանիայի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Սանտի Դենիան հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի քարտուղարությանը։ Դենիան պատանիներին մարզելու հարուստ փորձունի։ Մարզել է նաև Իսպանիայի Մ-17 հավաքականը։ Որպես ֆուտբոլիստ հայրենիքում նվաճել է չեմպիոնի կոչումն ու գավաթը։ Նրա ֆուտբոլային կրթությունն անմիջական կապ ունի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անվան հետ։ -Իսպանիայի հավաքականը միևնույն ընտրական խմբում ընդգրկվել էր Հոլանդիայի ընտրանու հետ, որը նույնպես բավական ուժեղ է։ Ո՞րն էր եզրափակիչ դուրս գալու գրավականը։ -Մի քանի տարի Իսպանիան, ցավոք, չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը, բայց միշտ ձգտել է լավ արդյունքներ ունենալ։ Այսպիսով, չեմ կարծում, թե շատ ենք տարբերվում մյուս թիմերից։ Մեր ֆուտբոլիստներն օժտված են նաև մարդկային լավ հատկանիշներով։ Գիտենք՝ բոլոր թիմերն էլ լավ են խաղում և ցանկանում են նվաճել չեմպիոնի կոչումը։ Պետք է թիմը մրցունակ դարձնենք, որ մշտապես ձգտի մնալ ամենաբարձր մակարդակում։ Այդ նպատակով խրախուսում ենք ոչ միայն սպորտային, այլև մարդկային հատկանիշները։ -Իսպանիայի տարբեր տարիքային խմբերի հավաքականները պարբերաբար ֆավորիտ են համարվել։ Իսպանիայի ընտրանիներն ընդհանուր խաղաոճ ունեն։ Լրացուցիչ ինչպիսի՞ առանձնահատկություն ունի Ձեր գլխավորած հավաքականը։ -Ճիշտ է՝ երկար տարիներ հաստատուն խաղաոճ ունենք։ Ոճային խաղը սահմանում ու ներդնում ենք տարիքային տարբեր խմբերում։ Ուժեղ ենք գնդակ ստանալիս ճիշտ «բացվելու» ժամանակ, փորձում ենք նախաձեռնող ֆուտբոլ խաղալ և միավորել խաղի բոլոր բաղադրիչները։ Չեմպիոնի կոչմանը միտվել կարելի է միայն լավ պաշտպանվելու, հարձակվելու և լավ ու արագ անցումների դեպքում, ստանդարտ դիրքերի լավ ու բազմազան խաղարկումների պարագայում։ Այս ամենը մեզ հաջողվում է, որովհետև մեծ նշանակություն ենք տալիս մարդկային գործոնին, թիմով ընտանիք դառնալուն։ -Ո՞ր թիմերին եք ֆավորիտ համարում երևանյան առաջնությունում։ -Հատկապես Մ-19 տարիքային խմբի մրցաշարում, որին 8 թիմ է մասնակցում, բոլորն էլ հաղթելու հնարավորություն ունեն։ Ուզում եմ ընդգծել՝ խաղերի ելքը վճռվելու է դետալների միջոցով։ -Խինես Մելենդեսը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Ի՞նչ կպատմեք համատեղ հուշերից։ Եթե Հայաստանն ու Իսպանիան միևնույն խմբում հայտնվեն, այս հանգամանքը կարո՞ղ է օգնել Հայաստանի ընտրանուն։ -Ինձ համար հաճելի է խոսել Խինեսի մասին, որի դերն իմ կյանքում շատ կարևոր է։ Նրան ճանաչում եմ այն ժամանակից, երբ «Ալբասետե»-ում իմ ուսուցիչն էր։ Հետո գնացի խաղալու «Ալբասետե»-ի ակադեմիայում, որտեղ մարզիչը և կառուցվածքի համակարգողը Խինեսն էր։ Նա ինձ սովորեցրեց ֆուտբոլ խաղալ, բայց նաև նրանից սերտեցի կյանքի արժեքները։ Հետո մեր ճանապարհները խաչվեցին Իսպանիայի ֆեդերացիայում։ Այստեղ 8 տարի միասին անցկացրինք, դա նոր հնարավորություն էր նրանից սովորելու համար։ Խինեսը կարող է օգնել Հայաստանի ընտրանուն Իսպանիայի դեմ հնարավոր խաղից առաջ։ Անկասկած, այն մարդկանցից է, որ մեզ լավագույն կերպով է ճանաչում։ Իսպանիայի՝ տարիքային խմբերի հավաքականների կրթության ակունքներում է Խինեսը. մեր մասին նրա իմացությունը շատ կարևոր է Հայաստան-Իսպանիա հնարավոր հանդիպման համար։ -Ի՞նչ կպատմեք Հայաստանի մասին։ Երևան այցելությունից ի՞նչ սպասելիքներ ունեք։ -Հայաստան անունը ֆուտբոլային աշխարհում օրեցօր ավելի շատ է հնչում։ Պատճառը ոչ միայն արտերկրի լիգաներում Հենրիխ Մխիթարյանի ու մյուսների հաջող խաղն է։ Հայկական ֆուտբոլը զարգանալու է նաև ֆուտբոլային կրթությանը պատշաճ ուշադրություն դարձնելու շնորհիվ։ Երկիրը, որտեղ ջանքեր են գործադրում պատանեկան ֆուտբոլի համար, արդյունք է ունենում։ Հայաստան այցելելու առիթ դեռ չեմ ունեցել, բայց հիմա սպասումով եմ լցված, ամռանը կհանդիպենք։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
