Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Ցուցարարները դրամապանակներ նետեցին կառավարության դիմաց. բողոքի ակցիա

166
Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 14:50
Ցուցարարները դրամապանակներ նետեցին կառավարության դիմաց. բողոքի ակցիա

ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամներն այսօր դրամապանակներով բողոքի ակցիայի են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ԱԺ-ից հետ կանչել Հարկային օրենսգրքի փաթեթը: «Այս փաթեթը տանում է հասարակության ավելի բևեռացվածության՝ հարուստին հարստացնելու, իսկ աղքատին՝ ավելի աղքատացնելու: Պահանջում ենք, որպեսզի Կառավարությունը չեղարկի եկամտահարկի համահարթեցման սկզբունքը»,- ասում էին ակցիայի մասնակիցները: Նրանք նշում էին, որ իրենց համար անհասկանալի է համահարթեցման անցնելու պատճառները, հատկապես այն դեպքում, երբ «բոլոր այն պետությունները, որոնք համահարթեցման սկզբունքի են անցել, փոշմանել են»:

Բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Ցուցարարաները, երբ դատարկ դրամապանակներ էին նետում կառավարության մուտքի դիմաց, նրանցից մի քանիսը դիպչեցին ոստիկաններին, ինչն առաջացրեց վերջինների զայրույթը: Ակցիայի մասնակիցները ներողություն խնդրեցին և ծափահարեցին ծառայություն իրականացնող ոստիկաններին:

Ցուցարարներին, ի վերջո, մոտեցավ կառավարության աշխատակիցը և խոստացավ վարչապետին փոխանցել նրանց նամակը:

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսված է իրականացնել եկամտային հարկի փոփոխություններ, ինչը նշանակում է՝ անցում կատարել եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքի՝ 23 տոկոսի: Այս փոփոխությամբ, եկամտային հարկի նվազում է նախատեսված, սակայն այդ այն գրեթե չի ազդելու մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների վրա: