Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

2006-ի մայիսի 3. հայկական ավիացիայի ամենամեծ ողբերգությունը

3452
Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 11:25
2006-ի մայիսի 3. հայկական ավիացիայի ամենամեծ ողբերգությունը

2006 թվականի մայիսի 3-ին «Արմավիա» ընկերության՝ Երևանից դեպի Սոչի կատարվող չվերթը, որը թվով 967-ն էր, դժբախտ պատահարով ավարտվեց։

Airbus A320 ինքնաթիռը Սոչիի օդանավակայանի առաջին մոտեցումից հետո, երբ փորձում էր երկրորդ շրջան գնալ, ընկավ ծովը։ Զոհվեցին ինքնաթիռի բոլոր 105 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները։

Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզրակացության համաձայն՝ վթարի պատճառ էր հանդիսացել անձնակազմի անհամաձայնեցված և այդ տեսակի ինքնաթիռների թռիչքի շահագործման ձեռնարկին չհամապատասխանող գործողությունները՝ երկրորդ շրջան գնալու կարգավարի հրահանգն ստանալուց հետո բարձրություն հավաքելու փուլում։

«Արմավիայի» «Airbus A320-211» ինքնաթիռը
«Արմավիայի» «Airbus A320-211» ինքնաթիռը

Ի թիվս այլ տարբերակների՝ Հայաստանում աղետի մի վարկած շրջանառվեց, ըստ որի, օդանավում կրակոցներ են հնչել: Ըստ այդմ՝ դեռ «Զվարթնոց» օդանավակայանում վեճ է ծագել երկու «քրեական կլանների» միջև, որը հետո շարունակվել է ինքնաթիռում: 967 չվերթով Սոչի մեկնողների թվում էին Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, պետանվտանգության կոմիտեի նախագահ Հուսիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի որդին՝ Արամ Պետրոսյանը, ՀՀ քաղավիացիայի նախկին ղեկավար Վյաչեսլավ Յարալովը, քրեական հեղինակություն Բենիամին Խաչատրյանը (Բենո Ռոստովսկի):

Սակայն ՄԱԿ-ը 2006-ի հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ ձայնային և պարամետրիկ սարքերը ինքնաթիռում պայթյուն և փոխհրաձգություն չեն արձանագրել: Մինչ այդ պայթյունի և կրակոցների լուրերը հերքել էին նաև ՀՀ ՔԱԳՎ-ն ու «Արմավիան»:

Վթարի զոհերին նվիրված Երևանում (Նորքի 8-րդ զանգված) տեղադրվել է խաչքար: