Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

1 մլրդ, 117 մլն դրամի արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը

376
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 20:00
1 մլրդ, 117 մլն դրամի արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվում է մաքսատուրքից ազատվելու արտոնություն տալ «Ալեքս-տեքստիլ» ընկերությանը, որը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով։

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 14,127,414,670 դրամի ներդրում հումքի ձեռքբերման, ինչպես նաև հավելյալ 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքների համար:

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 400 նոր աշխատատեղ՝ 115,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նշենք, որ ներկայումս առկա է 1104 աշխատատեղ:

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26,833,000,000 ՀՀ դրամ, որից 7,800,000,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 18,963,000,000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 70,000,000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում (Իտալիա, Ֆրանսիա):

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14,127,414,670 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1,177,681,553 ՀՀ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։